Հրապարակման մեջ նշված հանգամանքներն ամբողջությամբ հերյուրանք են․ գլխավոր դատախազությունից արձագանքել են

Այսօր «Փաստ» թերթը առանց տեղեկատվության որևէ աղբյուր նշելու, ավանդական դարձած՝ «իրենց տեղեկություններին» հղումով նյութ է հրապարակել պետական դավաճանության մասին հաղորդումներում քրեական գործ հարուցելու, վարչապետի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու բավարար հիմքերի առկայության մասին, իբր, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նեղ անձնական միջավայրում արտահայտվելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Ավելորդ է, թերևս, ասել, որ հրապարակման մեջ նշված հանգամանքներն ամբողջությամբ հերյուրանք են:

Ընթացիկ քրեական վարույթները նեղ անձնական միջավայրում քննարկելու առարկա չեն: Ստացվող տեղեկությունների, փաստերի առկայության, հաղորդումների ներկայացման դեպքում ձեռնարկվում են պատշաճ դատավարական գործողություններ: Իսկ դատախազությունը դրանց արդյունքների մասին իր մոտեցումները ձևավորում ու արտահայտում է կայացվող համապատասխան դատավարական որոշումների կամ դրանց օրինականության ստուգման իր գործառույթների իրացման արդյունքում, այլ ոչ թե դրանց շուրջ անձնական միջավայրերում վարվող զրույցների մակարդակով:

Կրկին գործընկերներիս հորդորում եմ ձեռնպահ մնալ նման բամբասանքային բնույթի տեղեկություններ հրապարակելուց, առավելևս՝ մամուլի տեսության ժանրի իմաստի ու նպատակների խեղաթյուրմամբ այդպիսիք տիրաժավորելուց»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել