Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 19-ին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթի ընդունմանը կողմ քվեարկեց։ Նախագծին կողմ էին 84, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը կարգավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես քննչական մարմնի, լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, պաշտոն զբաղեցնելու կարգը եւ պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները եւ պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները:
Օրենքի նախագծի համաձայն հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն:
Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է նաեւ սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության սկզբունքներն են․
1. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը հիմնվում է անկախության, հրապարակայնության, ֆինանսական ինքնուրույնության եւ քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:
2. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացնում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքների պահպանմամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև իր կառուցվածքին, աշխատանքների կազմակերպման կարգին վերաբերող որոշումներն ընդունելիս անկախ է եւ ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
Օրենքի նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։