Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Իրավաբան․net-ի փոխանցմամբ հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր դատական նիստը հետաձգվել է։
Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Խաչատրյանը 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը հանդիսանալով Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետև 2008թ. հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 8-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է Հայաստանի պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: