Իլհամ Ալիևն օրերս ընդունել է, որ իր հայրն Արցախում հայերի դեմ իրականացնում էր էթնիկ դուրս մղման քաղաքականություն և որ իր պատկերացումը նույնպես հարցի «լուծման» մասին հիմնվում է միջազգային իրավական տեսանկյունից հենց այս հանցավոր մոտեցման վրա։ Այս մասին հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի շրջանում (1969-1982 թթ․) վերջինիս ջանքերի շնորհիվ և քաղաքականության արդյունքում, այդ թվում՝ Եվլախից, Աղդամից դեպի Խանքյանդի երկաթուղու անցկացումով, Լեռնային Ղարաբաղում հիմնարկների ստեղծումով և այդ հիմնարկներում Ադրբեջանի տարբեր տեղերից մասնագետների գալով, այստեղ ազգային կազմը մեծապես փոխվեց հօգուտ ադրբեջանցի ժողովրդի։ Արդեն 1982 թ․-ին ադրբեջանցիները կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության 25 տոկոսը։ Եթե այն ժամանակ Հեյդար Ալիևը մնար Ադրբեջանում, հաջորդ 10 տարիների ընթացքում Լենային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանցիները մեծամասնություն կկազմեին և այսպիսով՝ այնտեղ երբեք որևէ հակամարտություն, առավել ևս՝ անջատողականություն, առաջ չէր կարող գալ, գլուխ չէր կարող բարձրացնել»,-ասել է Ալիևը։