Անչափահասը դանակով հարվածել է հասակակցին

Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Դ. Հայրապետյանի:

Անչափահաս Դ. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերներ` Ա. Հայրապետյանի, Կ. Բաղդասարյանի, Ա. Խաչիկյանի, Ս. Սարգսյանի, Զ. Դուրգարյանի, Ռ. Ղարիբյանի, Գ. Ադիբեկյանի, Ս. Մակոյանի, Գ. Գինոսյանի հետ, 2012թ. նոյեմբերի 23-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Նոր Նորքի 2 զանգվածի թիվ 133 դպրոցի բակում Վ. Ղումաշյանի և և նրա ընկերներ` Շ. Բալոյանի, Գ. Գասպարյանի, Զ. Գրիգորյանի, Հ. Գրիգորյանի և մյուսների հետ անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր հետ նախապես վերցրած դանակով հարվածներ է հասցրել Վ. Ղումաշյանին և վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Անչափահաս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել