Բնակտարածության օգտագործման իրավունքը չվերականգնվեց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցվոր Է. Միքայելյանի հայցն ընդդեմ Թ. Գրիգորյանի` բնակտարածության օգտագործման իրավունքը վերականգնելու, նույն հասցեում վերաբնակեցնելու և բնակտարածության օգտագործման իրավունքի իրականացման բոլոր խոչընդոտները վերացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

Հայցվորը հայտնել է, որ ինքն ու Գ. Թևոսյանն օրինական կարգով ամուսնացել են դեռևս 17.08.1981թ. Նույն թվականին իրեն գրանցել են Երևան քաղաքի Արագածի թիվ 45 հասցեում, իսկ 1997թ. վերագրանցվել է ամուսնու` Գ. Թևոսյանի փաստացի սեփականությունը հանդիսացող Երևանի Արարատի թիվ 47 հասցեում։ Այդ տունն ամուսնու հայրն ու եղբայրը կառուցել են 1941թ.` հատուկ ի ծնե հաշմանդամ, կրտսեր Գ. Թևոսյանի համար, սակայն հաշվի առնելով, որ վերջինս անչափահաս է եղել` տան գույքային թերթը գրվել է չափահաս Ռուբենի անվամբ։

Գ. Թևոսյանը նշված հասցեում գրանցվել է տան շինարարության ավարտից հետո` 1941թ.-ից մինչև մահը, իսկ 1981թ.-ից ապօրինաբար վտարվելը: Նույն հասցեի տանը բարեխղճորեն, բացահայտ ու անընդմեջ բնակվել է նաև ինքը` Էմմա Միքայելյանը։

Իրեն 24.02.2010թ. ապօրինաբար վտարել են տնից, չնայած առկա են եղել կատարողական գործողությունների կասեցման բավարար հիմքեր։

Գնահատելով գործի ապացույցները` դատարանը գտել է, որ ներկայացված հայցային պահանջն անհիմն է և ենթակա մերժման` հետևյալ փաստարկմամբ.
Այսպես` ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածի` անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է։ Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով։

Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները)։

Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով։ Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից։

Ըստ 04.10.2005թ. ընդունված /ուժի մեջ է մտել 26.11.2005թ./ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի անցումային դրույթների /հոդված 32/ համաձայն` եթե անձը մինչև 1999 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնելու դեպքում փոխհատուցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով։

Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007 թվականի հունվարի 1-ից հետո, ապա սույն կետով սահմանված պաշտպանությունից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով։

Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված նորմը կիրառվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերի նկատմամբ։

Համաձայն նույն օրենսգրքի 163 հոդվածի` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը։
Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն։
Վիճահարույց պարագայում դատարանն արձանագրել է, որ Երևանի Արագածի փողոցի 47 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է պատասխանող Թ. Գրիգորյանին, ում դիմումի հիման վրա հայցվոր Է. Միքայելյանը հանվել է նշված հասցեի հաշվառումից և ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով վտարվել է այդ հասցեի տնից, քանի որ նշված տունը զբաղեցրել է ապօրինի կարգով։

 

Միաժամանակ վճիռ կայացնելիս դատարանն արձանագրում է, որ հայցվոր Է. Միքայելյանը 2007թ. հունվարի 2-ի դրությամբ արդեն իսկ զրկված է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով նախատեսված բնակելի տարածության օգտագործման իրավունքի պահանջ ներկայացնելու պարագայում օրենքով նախատեսված փոխհատուցում ստանալու դատական պաշտպանությունից, հետևաբար բնակարանի սեփականատիրոջ դիմումի հիման վրա Է. Միքայելյանին վիճելի տան գրանցումից հանելը դատարանը դիտել է իրավաչափ և մերժել հայցը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել