Երևանի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նախատեսված է Երևանի զարգացման ծրագրի, ինչպես նաև Ավագանու և Քաղաքապետի՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար:
Քաղաքապետը Երևանի բյուջեի նախագիծը Ավագանու քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով Երևանին տրամադրվող դոտացիայի նախնական թիվը փոխվում է, ապա Քաղաքապետը երկշաբաթյա ժամկետում Ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:
Բյուջեի նախագիծն Ավագանու անդամներին, Խմբակցություններին և Հանձնաժողովներին է ուղարկվում Ավագանու նիստում քննարկումից առնվազն քսան օր առաջ:
Ավագանու անդամները, Խմբակցությունները և Հանձնաժողովներն անցկացնում են նախնական քննարկումներ և տասնօրյա ժամկետում, բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկները գրավոր ներկայացնում Քաղաքապետին:
Քաղաքապետը` ուսումնասիրելով ներկայացված առարկությունները և առաջարկները, ոչ ուշ, քան քառօրյա ժամկետում դրանց վերաբերյալ Հանձնաժողովներին է ներկայացնում բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը, որի հիման վրա Հանձնաժողովները եռօրյա ժամկետում տալիս են եզրակացություն:
Ավագանու նիստում բյուջեի նախագծի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է գալիս Քաղաքապետը կամ նրա ներկայացուցիչը` մինչև քառասուն րոպե տևողությամբ:
Մինչև քսան րոպե տևողությամբ հարակից զեկույցներով հանդես են գալիս ֆինանսավարկային և տնտեսական հարցերի Հանձնաժողովի ներկայացուցիչը և մինչև տաս րոպե տևողությամբ՝ մյուս Հանձնաժողովների ներկայացուցիչները:
Երևանի բյուջեն ընդունվում է նիստին ներկա Ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ քառորդը:
Երևանի բյուջեն չընդունվելու դեպքում բյուջեի նոր նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել Ավագանին՝ համաձայնեցնելով Քաղաքապետի հետ, կամ Քաղաքապետը՝ հրավիրելով Ավագանու արտահերթ նիստ:
Եթե Ավագանին մինչև տարվա սկիզբը Երևանի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում Քաղաքապետը պարտավոր է կատարել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:
Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Ավագանին, որն իրավազոր է ստուգելու յուրաքանչյուր բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը:
Քաղաքապետը եռամսյակը մեկ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա տասնհինգը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդում է ներկայացնում Ավագանուն:
Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով` ընթացիկ տարվա ոչ ուշ, քան վերջին նիստում Ավագանին որոշում է կայացնում բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով աուդիտ անցկացնելու մասին, որի համար վճարումը կատարվում է Երևանի բյուջեից:
Քաղաքապետը Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը Ավագանուն է ներկայացնում մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի մեկը` նախնական քննարկումներ անցկացնելու համար:
Քաղաքապետի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինը Ավագանուն է ներկայացնում իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները՝ մինչև բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի մեկը:
Ավագանու նիստում Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկվում և ընդունվում է բյուջեի նախագծի քննարկման և ընդունման համար սահմանված կարգով ` մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի քսանը:
Նիստին համապատասխան պարզաբանումներ տալու համար կարող է հրավիրվել նաև աուդիտ անցկացրած կազմակերպության ներկայացուցիչը։
Ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում կարող է դիմել համապատասխան իրավասու մարմինների:
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման և հաստատման հետ կապված՝ օրենքով և Կանոնակարգով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Աղբյուրը` Իրավաբան.net