«Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության հայկական զինված ուժերը և այդ տարածքի բնակչությունը երկարաձգված ժամկետի՝ նոյեմբերի 25-ի դրությամբ պետք է դուրս եկած լիներ Քարվաճառի շրջանից, որը համաձայն ձեռք բերված համաձայնագրի պահանջների՝ իրականացվել է։ Զորքերի վերաբերյալ աշխատանքները, որոնք իրականացվել են, իրականացվել են նախապես պլանավորված բնույթով։ Այլ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, բայց ամեն դեպքում, ամեն ինչ արվել է ըստ պայմանավորվածության և ճիշտ ժամանակացույցով»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Նա հավելել է․ «Գաղտնիք չէ, որ լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները անցել են հայակական տարածք, գրավել են, աշխատակիցներից պահանջել են լքել տարածքը և այլն, մեր կողմից կարող է ասվել, հաստատվել և հետագայում ըստ անհրաժեշտության նաև կփաստվի, որ նման իրավիճակ չի եղել»։
Խաչատրյանը նշել է, որ աահմանն անցնում է գրեթե հանքի միջով։ Ոսկու հանքի և, ընդհանրապես, տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ։
«Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ։ Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու համար։ Այս հարցի լուծման համար, անվտանգության ապահովման համար, հայկական զինված ուժերը ընդգրկվածություն չեն ունեցել։ Ադրբեջանական զորքերը Քարվաճառ մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակողներին, ուղեփակոցին, խնդիր են բարձրացրել, որ դա իրենց տարածքն է, և այն ուժերը, որոնք տեղակայված են այդ հատվածում, պետք է դուրս գան։ Ընդ որում, աշխատանքները, որոնք իրականացվում և համակարգվում են մեր կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող անձը՝ կորպուսի հրամանատարը։ Նրանք բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ՝ պահանջելով դուրս գալ այդ տարածքից, մեր կողմից զգուշացվել է, թե ինչ պատկանելություն ունեն այդ անցակետերը և այլն, և մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այդպիսի պահանջներ կան։ Կոնկրետ ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների հետ իրականացվել է բավական երկար բանակցություններ, որից հետո չեմ կարող ասել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ զարգացումներ կլինեն»,-նշել է նա։