Ինչո՞ւ ցանցապատ դարպասի տեղադրման համար տուգանվեց 200 000 ՀՀ դրամ

Երևանի քաղաքապետը 25.02.2010 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Լամբրոն» ԲԲԸ-ի տնօրեն` Արմեն Ասպոյանի` վերջինիցս 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը գանձելու համար վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին։

Դիմելով Դատարան` հայցվորը հայտնել է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի աշխատակցի կողմից 01.12.2009թ. կազմած թիվ 000442 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` «Լամբրոն» ԲԲԸ-ի տնօրեն` Արմեն Ասպոյանի կողմից Ադոնցի փողոցի հ.18 հասցեում ինքնակամ իրականացվել է մետաղյա ցանկապատ դարպասի տեղադրման աշխատանքներ։

Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի` 23.12.2009թ. հ.Վ-34/4 արձանագրության հիման վրա ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 23-րդ հոդվածի երկրորդ կետի, 154-րդ հոդվածի առաջին մասի, 219.1-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներին համապատասխան Երևանի քաղաքապետի կողմից 23.12.2009թ. կայացվել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ հ.Վ-34/4 որոշումը, որով «Լամբրոն» ԲԲԸ-ի տնօրեն` Արմեն Ասպոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 ՀՀ դրամի չափով։

Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ Երևանի քաղաքապետի 23.12.2009թ. հ.Վ-34/4 որոշումը սահմանված կարգով և ժամկետներում առաքվել է «Լամբրոն» ԲԲԸ տնօրեն Արմեն Ասպոյանին, սակայն առ այսօր վերջինիս կողմից Երևանի քաղաքապետի 23.12.2009թ. հ.Վ-34/4 որոշմամբ նշանակված վարչական տույժի գումարը չի վճարվել։

Սույն գործով Դատարանը գտավ, որ հայցը հիմնավորվում է ինչպես գործով ներկայացված ապացույցներով, այնպես էլ պատասխանողի, հակընդդեմ հայցվորի կողմից վիճարկվող որոշման մեջ նշված փաստերով, այն մասին որ նրա կողմից է կատարվել մետաղյա ցանցապատ դարպասի տեղադրման աշխատանքները, ընդ որում թե հակընդդեմ հայցով և թե կից ներկայացված ապացուցներով չի հերքվել նրա կողմից դարպասի տեղադրման աշխատանքների կատարումը և Դատարանին չի ներկայացրել այդ աշխատանքները կատարելու վերաբերյալ որևէ թույլտվություն, իսկ ցանցապատ դարպասի առկայությունը հիմնավորվում է իր իսկ կողմից ներկայացված լուսանկարներով։

Դատարանը վճռեց հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել