Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցից հետո ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է․ «Մեր քաղաքական ուժն անպայման մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե լինեն։ Թե որտեղ ես կկանգնեմ մեր հայրենիքի փրկության ջատագովների շարքում, դա կորոշեն նախ քաղաքական ուժերը, իսկ առաջնահերթ՝ մեր ժողովուրդը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իրենք ինքնանպատակ պաշտոն զբաղեցնելու կամ իշխանություն վերցնելու նպատակ չունեն։
«Պետք է մեծ քաջություն ունենալ, որ այս, ցավոք սրտի, քանդված երկիրը, հիվանդ ու պառակտված հասարակությունը, որն այսօր կա, վերցնել այս պատասխանատվությունը և կարողանալ մի բան անել։ Վարչապետի նոր թեկնածուն լինելու է հնարավորինիս բոլորի համար ընդունելի։ Անուններ հրապարակելու փուլն արդեն եկել է, բայց ես կոռեկտ չեմ համարում հայտարարել այդ մասին։ Զարգացումներից կախված շատ հեռու չէ այդ պահը, մոտակա օրերին անպայման այդ հայտարարությունը կլինի։ Ես մի բան կարող եմ ասել, որ հնարավոր վարչապետի թեկնածու կարող են առաջադրվել մի քանի անձ»,- ասաց նա։
Վանեցյանը հավելեց, որ սկզբնական փուլում պետք է լինի ժամանակավոր կառավարություն, հետո արտահերթ ընտրություններ, և ժողովուրդն է ի վերջո որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն։