Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը 29.06.2012թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա.Լ.-ի` պատասխանողից հօգուտ Երևան համայնքի 23.806 դրամ գույքահարկ բռնագանձելու պահանջի մասին։
Երևան քաղաքում գույքահարկի, հողի հարկի և հողի վարձավճարների օրենքով սահմանված կարգով գանձման կազմակերպման և իրականացման լիազորությունները Երևան քաղաքի ավագանին 18.03.2010թ. թիվ 71-Ն որոշմամբ պատվիրակել Է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին։
Հայցվորի խոսքով՝ Պատասխանող Ա.Լ.-ն գույքահարկ վճարելու պարտավորությունը չի կատարել, ինչի արդյունքում առաջացել են ժամկետանց պարտքեր և տույժեր։ Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ 0.15 տոկոսի չափով վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար։ Ա.Լ.-ին սեփականության իրավունքով պատկանող ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ 230 մակնիշի, XX պ/հ փոխադրամիջոցի գույքահարկի գծով 2011 թվականի պարտքը 20.04.2012թ. դրությամբ կազմել է 23.806 դրամ, որից ապառքը` 19.650 դրամ, իսկ տույժը՝ 4.156 դրամ։
Դատաքննությամբ հաստատվեց, որ պատասխանողը, խախտելով օրենքների պահանջները, օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չի կատարել 2011թ. գույքահարկի գծով հաշվարկված 19.650 դրամ պարտավորությունը, այսինքն` չի վճարել հարկի գումարը, որի նկատմամբ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով, հաշվարկվել է 4.156 դրամ տույժ։
Դատարանը վճռեց Երևան համայնքի հայցը բավարարել` Ա.Լ.-ից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 23.806 դրամ գույքահարկ, որից ապառք` 19.650 դրամ, տույժ` 4.156 դրամ։
Աղբյուրը` Իրավաբան.net