Այսօր ընդունեցի Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնում է․

«Այսօր ընդունեցի Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:

Ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։ Ընդգծել եմ, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությանը, տարածաշրջանը ահաբեկչական կազմավորումների ներկայությամբ ապակայունացնելու և հրադադարի ռեժիմը չպահպանելուն ուղղված Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը՝ շեշտել եմ, որ այն սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը։

Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին կարևորեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել