«Շունը կծել է հղի կնոջը, որն էլ բժշկի ցուցումով հղիության արհեստական ընդհատման է դիմել»․ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը պարզաբանում է

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հերքում է տարածել, որում ասվում է․

«Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Զակալաշվիլիի հրապարակային պնդմամբ, վերջերս Երևանում շունը կծել է հղի մի կնոջ, որն էլ արդյունքում բժշկի ցուցումով հղիության արհեստական ընդհատման է դիմել, քանի որ, ինչպես օգտատերն է նշել, երեխան կարող էր ունենալ կատաղության գեն։ Մեր կենտրոնին ուղղված այս գրառմանն անդրադառնանք կետ առ կետ։

• Վերջին ամիսների ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հղի կնոջ՝ շան կողմից կծման միայն մեկ դեպք, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի երեկոյան։
• Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հենց նույն օրը ահազանգին ընթացք է տվել։ Դեպքի վայր են ժամանել մեր աշխատանքային մի քանի խմբերը՝ փոխտնօրենի և ծրագրի ղեկավարի հետ միասին։
• Կնոջ վրա հարձակված շները, որոնց մեծ մասը կլիպսավորված է եղել(հետևաբար նաև պատվաստված կատաղություն հիվանդության դեմ) տեղափոխվել են մեր կլինիկա և մինչ օրս գտնվում են հսկողության տակ(շների լուսանկարները ներկայացված են ստորև)։ Նշված գործողություններն արվել են կնոջ կյանքի և առողջության ապահովության նկատառումներից ելնելով։
• Շներից ոչ մեկի մոտ անկում չի գրանցվել, հետևաբար նրանցից ոչ մեկը հիվանդ չէր կատաղությամբ։
• Ահազանգի օրվանից մինչ օրս մենք մշտական կապի մեջ ենք եղել հղի կնոջ հարազատների հետ, տեղեկացված ենք եղել նրա առողջական վիճակի մասին։ Ուստի, վստահությամբ հայտնում ենք, որ կնոջ և երեխայի կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, չի եղել նաև պատվաստումների կարիք։ Հետևաբար, օգտատիրոջ նշած տեղեկությունը, թե եղել է հղիության արհեստական ընդհատում, իրականության հետ որևէ կապ ունենալ չի կարող։

Հաշվի առնելով հղի կնոջ հոգեվիճակը՝ անընդունելի ենք համարում նմանօրինակ մտացածին և անհայտ դրդապատաճառներով արված գրառումները, որոնք կարող են ավելորդ անգամ բացասական կերպով անդրադառնալ տուժածի ինքնազգացողության և հուզական ֆոնի վրա։ Կարծում ենք՝ հիմք չունեցող գրառումներ անելուց առաջ կարևոր է հաշվի առնել այլ քաղաքացիների վրա դրանց անդրադարձը։
Օգտատերը նույն գրառման մեջ նշում է, որ երեկ Երևանի կենտրոնական փողոցներից մեկում մոտ չորս շուն հարձակվել են իր մոր վրա և «հոշոտել են ոտքը, պատառոտել տաբատը, արդյունքում նրանցից ամենափոքր կատաղած շունը կապտացրել է ոտքը»։ Հայտնում ենք, որ մինչ այս պահը մեր կենտրոնն այդ մասին որևէ ահազանգ չի ստացել, այդ թվում կծման դեպքը հաստատող բժշկական փաստաթուղթ։ Փոքրիկ կատաղած շան կողմից ոտքի կապտելու մասին ևս որևէ ահազանգ չենք ունեցել։ Այնուամենայնիվ, գրառումը կդիտարկենք որպես ահազանգ և այց կկատարենք նշված հասցե։
Դեռ ամիսներ առաջ մենք քաղաքացիներին տեղեկացրել ենք, թե քայլերի ինչ հաջորդականություն է պետք կիրառել շան կողմից կծման դեպքի ժամանակ։

Ավելորդ չենք համարի կրկին հիշեցնել դրանք։ Կծման դեպք գրանցվելիս․

  • անհապաղ դիմեք բժշկական հաստատություն,
  • կապ հաստատեք մեզ հետ և հայտնեք դեպքի մասին, տվեք կծած շան արտաքին նկարագիրը, որպեսզի հնարավոր լինի գտնել նրան (թեժ գծի հեռախոսահամարը՝ 011 514 539),
  • հնարավորության դեպքում փոխանցեք կծման դեպքը հաստատող բժշկական փաստաթուղթը։

Հիշեցնում ենք՝ կենտրոնն արձագանքում է հաստատված կծման դեպքերի մասին բոլոր ահազանգերին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել