Բռնության ենթարկված խաշթառակցի հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 25-ին, ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:

«Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք»,-նշում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կետրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի և նրա դստեր կողմից անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ նրանցից մեկին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները: 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)  2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել