Փլուզված շենքի մոտ է նաև Արսեն Թորոսյանը

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է․

«Դեպքի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին»,-նշում է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, վաղ առավոտյան պայթյուն է եղել Քանաքեռ-Զեյթյուն վարչական շրջանում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում։ Նախնական տվյլաներով պայթյունը եղել է գազի արտահոսքից։ Շենքը մասնակի փլուզվել է։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Տուժողներից մեկը կին է (ծնված 1949 թ․), նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ (մոտ 50 տարեկան), ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Քաղաքապետի հանձնարարականով տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել