«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է։ Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով։ Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը։ Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը»․ այս մասին վարչապետն ասաց օգոստոսի 6-ի կառավարության նիստին քննարկվող օրակարգային հարցերից առաջ։
ՀՀ կառավարության անունից նա ցավակցություններ հայտնեց մահացածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին։
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել։
«Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում: Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ:
Հստակեցվում են հիմնական կարիքները՝ որոնց շրջանակներում էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով:
Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում եմ անհատական նվիրատվություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում (www.himnadram.org հասցեով):
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի և եղբայրների կողքին և ամեն ջանք կգործադրվի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար:
Ասեմ նաև՝ այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն առաջիկայում կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու: Պարոն Ավինյան, այս ընթացքում մենք արդեն որոշակի նախապատրաստվել ենք՝ ինքնաթիռ է մեկնելու Բեյրութ: Արդեն իսկ որոշվա՞ծ է ամեն ինչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Այո, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այսօր երեկոյան կամբողջացնենք ծրագիրը: Ինքնաթիռի մի քանի տարբերակներ են քննարկվում, և կարծում եմ՝ մինչև օրվա վերջ ամբողջական կունենանք և՛ այն օգնության չափաքանակն ու տեսակը, և՛ ժամկետները: Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ օրը: Մի քանի տարբերակներ են այս պահին քննարկվում են մեր գրասենյակում, կարծում եմ՝ օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն, և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»։
Մանրամասները՝ տեսանյութում