Ինչպե՞ս պետք է կանչել վկային դատարան

Քաղաքացիական դատավարությունում վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի են դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ և հանգամանքներ:

«Դատարանը վկա կանչում է կողմի միջնորդությամբ կամ, բացառիկ դեպքերում, իր նախաձեռնությամբ: Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաև վկայի անունը, հասցեն, որով նա պետք է կանչվի դատարան»,-Իրավաբան.net-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց փաստաբան Արփինե Եղիկյանը:

Որպես վկա կանչված անձի ծանուցագրում պետք է նշվեն նրա ներկայանալու վայրը, ժամանակը և այն գործը, որի կապակցությամբ նա պետք է հարցաքննվի, ինչպես նաև չներկայանալու հետևանքները:

Դատարանի կողմից որպես վկա կանչված յուրաքանչյուր անձ պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և հայտնել գործով իրեն հայտնի տեղեկություններն ու հանգամանքները:

Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Փաստաբանը նաև զգուշացնում է, որ «Քաղաքացիական գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը առաջացնում է քրեական պատասխանատվություն` տուգանք` 10 000 ՀՀ դրամից մինչև 300 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել