Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մայրաքաղաք Արտաշատ», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում:
«Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքը ( (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ․.), որը կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա) և Դվինը (Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին)։ Արգելոցների ստեղծումը ամբողջությամբ համապատասխանում է «Պատմության եվ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին, քանի որ նրանք ստեղծվում են պատմական միջավայրի և հուշարձանների շուրջը:
«Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների ստեղծումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական պարտավորություն: Դրանց հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հաշվին:
Զբոսաշրջության կամ տուրիզմի ժամանակակից արդյունաբերությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսության ամենախոշոր, արդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Շահութաբեր այս ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համամասնական զարգացման վրա: Հայաստանը հանդիսանում է հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող, սակայն միջազգային տուրիզմի շուկայում չափազանց համեստ տեղ գրավող պետություն:
Նախագծի ներկայացումը նպատակ ունի նաև ապահովել արգելոցի (ՀՀ մյուս հնավայրերի նման)` պահպանության, գիտական ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման սկզբունքների միասնականությունը, ինչպես նաև շահառուների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը:
Այս որոշմաբ ընդունման արդյունքում արգելոցները և արգելոց-թանգարանները կհամարվեն մշակութային անշարժ և շարժական, նյութական և ոչ նյութական ժառանգության համալիր պահպանման և կառավարման արդյունավետ մշակութային կազմակերպություններ, ուստի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջության երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Միևնույն ժամանակ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության կողմից 2009 թվականի հունիսի 26-ի N 853-Ն և 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1426-Ն, 2017 թվականի մայիսի 18-ի N 541-Ն, իսկ 08.06.2018 թ. N 642 – Ն որոշումներով ստեղծվել են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» և «Բերդ», «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները, որոնք դարձել են մասնաճյուղեր նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ապահովել լրացուցիչ ֆինանսական միջոցներ: