«Ջերմուկ Մայր Գործարան» ՓԲ ընկերությունը և «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը (Հայցվորներ) հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որով խնդրել են վերացնել «Շշալցված հանքային ջուր» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների և մի շարք տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրք ունեցող համարելու մասին» ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 26.01.2011 թվականի թիվ 47-Ա որոշումը։ Դատարանի 10.08.2011 թվականի որոշմամբ վարչական գործի դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավվել է «Բյուրակն» ՍՊ ընկերությունը։
Հայցվորները դատարան ներկայացրած հայցադիմումով և դատական նիստերի ժամանակ հայտնել են, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2011 թվականի հունվարի 26-ի նիստում քննարկել է «Շշալցված հանքային ջուր» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների և մի շարք տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրք ունեցող համարելու վերաբերյալ հարցը։ Արդյունքում` 2011 թվականի հունվարի 26-ին Հանձնաժողովն ընդունել է «Շշալցված հանքային ջուր» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների և մի շարք տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրք ունեցող համարելու մասին» թիվ 47-Ա որոշումը, որի 2-րդ կետով «Շշալցված հանքային ջուր» ապրանքային շուկայում «Ջերմուկ Գրուպ», «Ջերմուկ Մայր Գործարան» փակ բաժնետիրական և «Բյուրակն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից յուրաքանչյուրը համարվել է գերիշխող դիրք ունեցող (որպես իրացնող՝ իրացման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի ավելի քան երկու երրորդը` ավելի քան 75,1 տոկոս) և որոշվել է գրանցել ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում)։
Ըստ որոշման` ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել շշալցված հանքային ջրերի արտադրությամբ, ներկրմամբ, իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությունը։ Կոմիտեի ներկայացրած տեղեկատվության համաձայն` 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին թվով 10 տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 177.491,43 լիտր շշալցված հանքային ջուր։ Նույն ժամանակահատվածում թվով 27 տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ տարածքում արտադրվել է 23.014.062,0 լիտր շշալցված հանքային ջուր և թվով 37 տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացվել է 15.450.782,3 լիտր շշալցված հանքային ջուր։ Ըստ որոշման «Շշալցված հանքային ջուր» ապրանքային շուկայում 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներն են` «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը` 35,7 տոկոս, «Ջերմուկ Մայր Գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը` 31,1 տոկոս, «Բյուրակն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 8,3 տոկոս բաժիններով։
Հայցվորի խոսքով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 26.01.2011 թվականի թիվ 47-Ա որոշումն անհիմն է, կայացվել է օրենքի խախտմամբ:
Դատաքննության ժամանակ Հայցվորի ներկայացուցիչը վիճարկվող որոշման առաջին կետի մասով հայտնել է նաև, որ որոշման ուսումնասիրությունից պարզ չէ, թե որ սուբյեկտներն ինչ են շշալցնում, որի արդյունքում կարող էր պարզվել տնտեսվարող սուբյեկտների քանակը և շշալցված ջրի ծավալը, որի արդյունքում կարող էր պարզվել այն հանգամանքը, թե որոշ տնտեսվարող սուբյեկտներ դուրս են մնացել ուսումնասիրությունից, թե ոչ։ 03.11.2010 թվականի 304-Ա որոշման հավելվածում նշվել է թվով 18 տնտեսվարող սուբյեկտ, սակայն պետք է լիներ 17, քանի որ մեկ տնտեսվարող սուբյեկտի անվանում կրկնվել է, մինչդեռ թիվ 303-Ա որոշումը կայացվել է թվով 13 սուբյեկտների վերաբերյալ, սակայն պարզ չէ, թե ինչու են դուրս մնացել այդ տնտեսվարող սուբյեկտները։
Դատարանի վերլուծությամբ՝ Հայցվորների մասնաբաժինը տվյալ շուկայում որոշվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և վերջիններիս կողմից ներկայացված տեղեկությունների համեմատության արդյունքում՝ հիմք ընդունելով տնտեսվարողների կողմից ներկայացված արտադրման, ներկրման և իրացման ծավալները։
Դատարանը վճռեց «Ջերմուկ Մայր Գործարան» ՓԲ ընկերության և «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և երրորդ անձ «Բյուրակն» ՍՊ ընկերության՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 26.01.2011 թվականի թիվ 47-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին, մերժել։
ՀՀ վարչական դատարանը վճռեց Հայցվորի վերաքննիչ բողոքը մերժել և ՀՀ վարչական դատարանի վճիռը թողնել անփոփոխ։
Աղբյուրը` Իրավաբան.net