Դրամարկղային չեկը չե՞ն վերցրել, թե՞ չեն տվել

Անհատ ձեռնարկատեր Հրանտ Խոջայանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության 20.06.2011 թվականի թիվ 2103419 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին: 2011թ. օգոստոսի 17-ին Կոտայքի ՏՀՏ-ն հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հրանտ Խոջայանի` պետական բյուջեի օգտին 150.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Հայցվորը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և իրականացնում է դեղորայքի վաճառք։ 17.06.2011 թվականին Հրանտ Խոջայանին պատկանող դեղատնից անծանոթ անձինք ձեռք են բերել 800 դրամ արժողությամբ դեղորայք։ Ինքը գնորդներին տրամադրել է դեղորայքը և դրամարկղային չեկը, սակայն, վերջիններս թողնելով դրամարկղային չեկը, հեռացել են, որից հետո վերադարձել են, հայտնել են, որ հանդիսանում են հարկային մարմնի աշխատակիցներ։

21.06.2011 թվականին ստացել է 20.06.2011 թվականով ամսագրված թիվ 2103419 ակտի պատճենը, որում նշվել է, որ Կոտայքի ՏՀՏ-ի պետի 27.05.2011 թվականի թիվ 2103419 հանձնարարագրի հիման վրա Կոտայքի ՏՀՏ-ի տեսուչները 17.06.2011 թվականից մինչև 20.06.2011 թվականը հայցվոր անհատ ձեռնարկատեր Հրանտիկ Խոջոյանի մոտ իրականացրել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում և պարզել են, թե իբր` «սույն թվականի հունիսի 20-ին ժամը 16։11-ին, Բյուրեղավան քաղաքում գտնվող «Հրանտիկ Խոջոյան» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատնից կատարվեց գնում մեկ տուփ «Էնափ հաշ» տեսակի դեղահաբ և մեկ հատ պահպանիչ` ընդհանուր 800 դրամ արժողությամբ, վճարվեց 1000 դրամ, վաճառողի կողմից տրամադրվեց 200 դրամ մանրը, իսկ ՀԴՄ կտրոն չտրամադրվեց։ 1 րոպե անց վաճառողի կողմից գումարը մուտքագրվեց ՀԴՄ, որից հետո ստուգումն իրականացնող անձանց կողմից հանվեց Z հաշվետվություն։

Ակտում նշվել է, թե իբր հարկային մարմնի աշխատակիցները ձեռք են բերել դեղորայք 20.06.2011 թվականին` ժամը 16։11-ին, մինչդեռ, որպես տեսուչներ ներկայացած անձինք գնում են կատարել դեղատնից 17.06.2011 թվականին` ժամը 16։03-ին։

Դատարանի գնահատմամբ՝ ակտում առկա գրառումից չի երևում, թե կոնկրետ որ օրն է այն կատարվել, այսինքն` դրանով չի հաստատվում ստուգման օրը հանձնարարագիրը և ստուգման ակտը անհատ ձեռնարկատիրոջը հանձնելու և վերջինիս կողմից դրանք ստանալուց հրաժարվելու վերաբերյալ փաստը։ Երկրորդ` ակտում և արձանագրության մեջ առկա գրառումները ստուգումն իրականացրած անձանց կողմից կատարվել են միակողմանի և դրանցում պարունակվող տեղեկություններն իրականությանը համապատասխանելու հանգամանքը որևէ այլ ապացույցով դատաքննության ընթացքում չի հաստատվել։

Հայցվոր կողմը չառարկեց, որ իր դեղատնից գնում է կատարվել, սակայն պնդեց, որ ինքը ՀԴՄ կտրոնը տրամադրել է, որը ստուգողները չեն վերցրել։ Հետևաբար, վիճելի է մնում նաև ՀԴՄ կտրոն տրամադրած չլինելու փաստի առկայությունը։

Դատարանը վճռեց հայցը բավարարել և անվավեր ճանաչել ակտը, իսկ հակընդդեմ հայցը մերժել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել