ԱԱՏՄ-ն կրկնախախտումներ է արձանագրել Ավանում

Ավան վարչական շրջանում՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը պահանջում է հետևողական աշխատանք և հանրության շրջանում իրազեկման բարձրացում, ինչին և միտված են ԱԱՏՄ ամենօրյա աշխատանքները։

Նախորդիվ ևս Ավան վարչական շրջանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր անցկացրել էր։ Դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողների կողմից նորմերի պահպանումն այժմ առավել բարեխղճորեն է իրականացվում։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։

Ավան վարչական շրջանում արձանագրված ամենալուրջ խախտումներն առնչվում են առեւտրի կենտրոններում մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը այդպիսիք գրանցվել են սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի մասնաճյուղում, որի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ 

ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են, որ տնտեսավարողների մոտ եթե անգամ առկա է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով, սակայն քաղաքացիների վարվելականոններն են խնդրահարույց չեն հետեւում կանոններին եւ բարյացկամ չեն՝ հետևելու տնտեսավարողների կոչերին։ 

Կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից եւ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ գործունեության 48 և 72-ժամյա կասեցումներ։ Այսօր ԱԱՏՄ-ն շարունակել է խախտումների հիմքով կասեցումներն առավելապես մարզերում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ շեշտում է՝ պարետի որոշմամբ տարբեր ոլորտների համար սահմանված են անվտանգության առանձին կանոններ՝ դիմակի կրման, ախտահանման, ջերմաչափման և այլնի մասով։ Առևտրի, սպասարկման, գրասենյակային տարածքներում, ստոմատոլոգիական, գեղեցկության կենտրոններում և այլ ոլորտներում դրանց պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել