Ես երկար էի մտածում, թե որն է պատճառը, որ վարակված կանանց թիվը ավելի մեծ է, քան տղամարդկանցը․ պատճառը նաև սրճախմությունն է․ Փաշինյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի մեկնարկի ժամանակ նշեց, որ 09։00-ի դրությամբ՝ 143 անձ կա, որը կարիք ունի հոսպիտալացման, նրանցից 25-ը գտնվում է տանը, 9-ը թեթև ծանրության են, 16-ը՝ միջին ծանրության։

«Մենք համաճարակաբանական միտումներով ավելի լավ ենք, քան կանխատեսել էինք, բայց ավելացնեմ, որ դա չի նշանակում, որ իրավիճակը ավելի բարվոք է, քան առաջ։ Մենք բացարձակ թվերի հետ գործ ունենք»,-նշել է Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ ազատ տեղեր վերակենդանացման բաժիններում գրեթե չկան։

Այս պահին կա ծանր՝ 444, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ 131 քաղաքացի, որոնցից 39-ը թոքերի արհեստական օդափոխման սարքերի վրա են։

Նախարարը նաև հորդորեց քաղաքացիներին հնարավորության դեպքում կրել բժշկական դիմակներ, ոչ կտորից, քանի որ դրանք պաշտպանական ավելի լայն հնարավորություն ունեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ հնարավոր չէ ամբողջ առողջապահական ռեսուրսները կենտրոնացնել կորոնավիրուսի բուժման ուղղությամբ։ Եթե այս թվերը չպակասեն, խնդիր կառաջանա նոր հիվանդանոց կառուցել, «որը կարող է տևել 3, տարի, 1 տարի կամ 2 տարի»։

«Մենք վաղեմի սովորություն ունենք շքամուտքերում սրճախմություններ կազմակերպել, որը սիրելի և կոլորիտային սովորություն է։ Ես երկար էի մտածում, թե որն է պատճառը, որ վարակված կանանց թիվը ավելի մեծ է, քան տղամարդկանցը։ Կա 2 պատճառ՝ տեքստիլից եկողը և նաև այս հանգամանքը էական դեր է խաղում։ Մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 665 նոր դեպք, ապաքինվել է ևս 746 մարդ, հայտնում են ԱՆ-ից։

Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել