Կառավարությունը մայիսի 27-ի հերթական նիստին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը։
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Խաչատրյանը։
Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին` հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով:
Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել`
- «Զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը.
- շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:
Սույն միջոցառման իմաստով շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք`
- համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
- աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվող հարկային և վարկային պատմություն,
- գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՆԱԿ) շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
- մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՆԱԿ) միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25%‑ը՝ որպես դրամաշնորհ։
Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային հաստատությունների կողմից:
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
- Արժույթը` ՀՀ դրամ,
- Ժամկետը` առավելագույնը 60 ամիս,
- Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
- Մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
- վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7%-ից 10%: