45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել․ նա ՔԿԱԳ-ում հայտնել է, թե ինքն է նորածին երեխայի կենսաբանական հայրը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել  Շենգավիթ համայնքի 45-ամյա տղամարդուն:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Պարզվել է, որ 45-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 16-ին, Երևան քաղաքի բնակչուհու նորածին երեխային իր և իր կնոջ խնամքին հանձնելու շուրջ նախապես ձեռք բերված պայմանավորվածության իրագործման նպատակով, Երևանի բնակչուհուն ուղեկցել է  ՀՀ ԱՆ աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժին և հայտնել  ակնհայտ կեղծ տեղեկություն, թե իբր ինքն է հանդիսանում վերջինիս նորածին երեխայի կենսաբանական հայրը: 45-ամյա տղամարդուն զգուշացվել և տրամադրվել  է փաստաթուղթ այն մասին,  որ սուտ տեղեկություններ հայտնելու համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Այն ստորագրվել է նրա կողմից՝ դրանով  իսկ վերահաստատելով իր  հաղորդած տեղեկության հավաստիությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169¹-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել