Ինչո՞ւ ԿԲ-ն չի հրապարակում անպարտաճանաչ վարկառուների անունները․ պարզաբանում

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով պարտավոր է հրապարակել բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները:

Սակայն մինչև այսօր ԿԲ ոչ մի այսպիսի ցուցակ չի հրապարակել։ Իրավաբան․net-ը հարցում է ուղարկել ԿԲ՝ պարզելու, թե ինչու չի կատարվում օրենքով նախատեսված պահանջը։

Կենտրոնական բանկից որպես հիմնավորում նշում են, որ զարգացած աշխարհի որևէ երկրում նման ընթացակարգ վաղուց ի վեր չի կիրառվում․ «Մեր ունեցած տեղեկություններով նման ընթացակարգը կիրառվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Զիմբաբվեն, Ուգանդան, Լիբերիան, Նիգերիան։ Նման ընթացակարգ կիրառվել է նաև ԱՊՀ երկրներում՝ օրինակ Ղազախստանում, սակայն դրանք բոլորն էլ ժամանակի ընթացքում հրաժարվել են այդ ընթացակարգից։ Անպարտաճանաչ պարտապանների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար ստեղծված են, զարգացել են և լայն տարածում են ստացել վարկային բյուրոները։ Վարկային բյուրոներում հավաքագրվում և պահպանվում է բանկերի (և ոչ միայն բանկերի) անպարտաճանաչ պարտապանների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նշված տեղեկատվության հավաքագրումը ունի մեկ նպատակ՝ զերծ պահել ֆինանսական համակարգն անցանկալի հետևանքներից։

ՀՀ ում, 2004 թ.-ին, երբ դեռևս ձևավորված չէր վարկային բյուրոն և ներդրված չէին վարկային տեղեկատվության հավաքագրման համապատասխան ընթացակարգեր, որպես ժամանակավոր լուծում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում սահմանվեց, որ Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները: Սահմանվեց նաև խոշոր պարտավորության չափ և ժամկետ։ Այդ ժամանակահատվածում սա միջոցներից մեկն էր ֆինանսական համակարգի կայունությունը որևէ կերպ ապահովելու համար։ Հետագայում՝ 2007թ. օրենքի նշված նորմում կատարվեց փոփոխություն, որով բանկերի հանդեպ պարտավորության չափը իջեցվեց մինչև 20.000.000 ՀՀ դրամ և փորձ կատարվեց հստակեցնել արտարժույթով տրամադրված վարկերի ՀՀ դրամի հետ համադրելու խնդիրը։ Այս փոփոխությունը կատարվեց՝ հաշվի առնելով նախորդ հրապարակումների հետ կապված անորոշությունը։

Սակայն դրանով ոչ միայն չլուծվեցին առկա խնդիրները, այլև որոշակի առումով դրանք խորացան։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց մասով պարզվեց, որ նույն անուն կամ անվանումով առկա են բազմաթիվ անձինք։ Իսկ որոշ իրավաբանական անձանց անվանումները շփոթելու աստիճանի նմանվում էին իրար։ Այս պարագայում, Կենտրոնական բանկը չէր կարող հրապարակել միայն անուն/ազգանում կամ անվանում։ Դա կբերեր բազմաթիվ անձանց իրավունքների խախտմանը: Այս փաստը հաշվի առնելով՝ հրապարակելուց նշվեցին նաև անձնագրի և/կամ ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը։ Սակայն այս դեպքում նույնպես առաջացան բազմաթիվ իրավական խնդիրներ՝ կապված տարբեր օրենքների պահանջների հետ և սկսեցին ի հայտ գալ բողոքներ։ Օրինակ՝ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2003 թ. փետրվարի 14-ին, իսկ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նշված նորմը 2004 թ. մարտի 3-ին։ Տվյալ ժամանակահատվածում գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն երկու ակտերի միջև հակասության դեպքում գործում է ավելի վաղ ընդունված օրենքը՝ այսինքն «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը, ուստի արգելված էր առանց անձի համաձայնության հրապարակել իր անհատական տվյալները։ Այս հանգամանքի վրա Կենտրոնական բանկի ուշադրությունը հրավիրել են նաև Կենտրոնական բանկի ֆինանսական աուդիտ իրականացնող հեղինակավոր ընկերությունները՝ նշելով, որ նման ընթացակարգով անպարտաճանաչ պարտապանները անունները/անվանումները հրապարակելով, Կենտրոնական բանկը կարող է հայտնվել խոշոր ֆինանսական կորուստներ կրելու ռիսկի առաջ։ Այդ ռիսկի էությունը կայանում է նրանում, որ որևէ անձ, որի անունը կամ անվանումը հրապարակվել են, կարող է դրա հետևանքով կրել վնասներ և դրանց հատուցման վերաբերյալ պահանջ ներկայացնել դատարան՝ վնասի բռնագանձումը տարածելով Կենտրոնական բանկի միջոցների վրա։

Բացի այդ՝ միջազգային կառույցների փորձագետները արտահայտեցին խիստ բացասական վերաբերմունք այս ընթացակարգի վերաբերյալ։ Բացասական վերաբերմունքի էությունը կայանում էր նրանում, որ նախ զարգացած աշխարհում նման ընթացակարգ չի կիրառվում և կիրառումը իր նպատակին ծառայելու փոխարեն բերում է բացասական հետևանքների՝ օրինակ խախտվում են մարդու իրավունքները կամ ժամանակավոր ֆինանսական դժվարություն ունեցող անձինք առողջացման փորձ կատարելու փոխարեն օբյեկտիվորեն դատապարտված են սնանկացման՝ ինչը չի նպաստում տնտեսության զարգացմանը։ Արդյունքում առաջարկվեց օժանդակություն՝ վարկային բյուրո ստեղծելու հայեցակարգի մշակման և համապատասխան օրենքի ընդունման հարցերի շուրջ։ Վարկային բյուրոներում վարկային տեղեկատվության հավաքագրման մոտեցումը զերծ կպահեր հասարակության լայն զանգվածներին զգայուն տեղեկատվության հասանելիությունից և միաժամանակ կապահովեր ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությունն ու համակարգի կայունությունը` ապահովելով անձնական տեղեկատվության պահպանման միջազգայնորեն ընդունված սկզբունքները: Արդյունքում՝ նշված միջոցառման իրականացումը ներառվեց ՀՀ կառավարության կողմից 2008 թ. հունիսի 26-ին հաստատված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրում»: Վերը նշված հիմնավորումներից ելնելով ՀՀ Ազգային ժողովը 2008 թ. հոկտեմբերի 22-ին ընդունեց «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը մշակվեց Համաշխարհային բանկի տեխնիկական օժանդակությամբ և ներառում էր առաջադեմ ֆինանսական ոլորտում ընկալելի ու կիրառվող վարկային տեղեկատվության հավաքագրման ու հրապարակման լավագույն սկզբունքները: Վարկային բյուրոյի ստեղծումն ամբողջովին ապահովեց այն նպատակները, որոնք վերը նշված իրավական ակտերով նախատեսվել էին։

Նշված հանգամանքները, օրենքների միջև առկա հակասությունները և դրանցից բխող ռիսկերը հաշվի առնելով, Կենտրոնական բանկը, արդեն 2009թ․ չուներ հստակ իրավական որևէ հիմնավորում՝ հրապարակումները շարունակելու համար։ Ավելին՝ 2017թ. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածից հանվեց այն դրույթը, որով Կենտրոնական բանկը պարտավոր էր հրապարակել «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկությունները»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել