ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ Նա ընդգծել է, որ ջանքեր է գործադրելու երկու հայկական պետությունների միջև փոխգործակցության առավել ընդլայման և խորացման ուղղությամբ։
Արարատ Միրզոյանը, շնորհավորելով Արայիկ Հարությունյանին, նշել է, որ վերջինս մեծ առաքելություն է ստանձնել և վստահություն հայտնել, որ Արցախի նախագահն իր բոլոր նախաձեռնություններում, այդ թվում ժողովրդավարության խորացման, տնտեսության զարգացման և ՀՀ-ի հետ համագործակցության հարցերում լրջագույն հաջողություններ է գրանցելու։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Արցախում ձևավորվող բարեփոխումների օրակարգին։