38-ամյա տղամարդը բացել էր տան մուտքի դռան փականը, տանտիրուհու պայուսակից գողացել փող ու բանկային քարտ

Մայիսի 17-ին Արարատի մարզում կողոպուտ էր կատարվել:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Ժամը 11.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղի տներից մեկը գող է մտել: Փորձել էին բռնել, բայց հանցամիտը փախել էր:

Օպերատիվ խումբը մեկնեց Արևշատ: Պարզվեց` ահազանգից րոպեներ առաջ ինչ-որ մեկը բացել էր նշված տան մուտքի դռան փականը, հյուրասենյակում տանտիրուհու պայուսակից գողացել փող ու բանկային քարտ: Հարևանը նկատել էր, նույնիսկ բռնել, բայց կասկածյալին հաջողվել էր փախչել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին. արդյունքում պարզվեց, որ կողոպուտը կատարել է նախկինում դատապարտված, Արևշատ գյուղի 38-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, կասկածվողը գյուղի գերեզմանատնից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Նա ներկայացվել է Արարատի մարզի քննչական վարչություն և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են: Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

38-ամյա տղամարդը կալանավորված է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել