Մայիսի 16-ին «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում հաղորդավարն անդրադարձել էր նոր տիպի կորոնավիրուսի բուժմանն աջակցող «Հելթ թոն» (Health tone) հավելանյութին՝ նշելով, թե անհայտ ծագման այդ դեղամիջոցը փորձարկում են բանակում՝ զինվորների վրա: Կորոնավիրուսով վարակված զինվորների շրջանում հավելանյութի օգտագործման մասին գրել էր նաև ինդոնեզական merdeka.com-ը։ Ամենայն հավանականությամբ այս լրատվամիջոցին հղում անելով էլ՝ հաղորդավարը հայտնում է պրեպարատն արտադրող «անհայտ» ընկերության, դրա կասկածելի արդյունավետության և զինվորների վրա փորձարկման մասին։
Կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը կապ հաստատեց «Ռիա Ֆարմասյութիքլ» ՍՊԸ-ի տնօրեն Եվգենյա Մելքոնյանի հետ։ Նա հայտնեց, որ «Հելթ թոն»-ը ոչ թե փորձարկումների փուլում գտնվող ինչ-որ դեղորայք է՝ ստեղծված COVID-19-ի բուժման համար, այլ՝ սննդային ակտիվ հավելում՝ հակաօքսիդանտ։
«Հելթ թոն» սննդային հավելումն իրենից ներկայացնում է հինգ բուսական եթերայուղերի խառնուրդ։ Այն արտադրվում է «Ռիա Ֆարմասյութիքլ» ՍՊԸ-ի կողմից, որը «ՌԻԱ Ֆարմասյութիքլ Սայնսիս» սինգապուրյան կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում։
Ընկերությունը Հայաստանում սկսել է գործել 2016-ից, իսկ հավելանյութը գրանցվել է 2019-ի մարտին։ Նշենք, որ «Հելթ թոն»-ը գրանցված է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Հելթ թոն»-ը և ի՞նչ կապ ունի COVID-19-ի հետ
«Հելթ թոն»-ը հակաօքսիդանտ է, որն օրգանիզմում պայքարում է բակտերիալ, վիրուսային վարակների, ինչպես նաև քրոնիկ բորբոքային և ուռուցքային պրոցեսների ժամանակ բջիջներում առաջացած թթվածնի և ազոտի ազատ ռադիկալների դեմ։ Այն չի ստեղծվել կորոնավիրուսի բուժման համար, սակայն իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է օգտագործվել բուժման ընթացքում՝ որպես օժանդակ միջոց։
Ինչ վերաբերում է հավելումը բանակում փորձարկելու մասին լուրերին՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքեց այն, նշելով, որ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին տեղեկատվությունը մանիպուլյացիա է:
«Հակաօքսիդանտը օգտագործվել է ապրիլի վերջին՝ ԱՆ դիրքորոշում ստանալուց հետո՝ որպես կորոնավիրուսային հիվանդություն ունեցող զինծառայող-պացիենտների բուժմանն աջակցող միջոց»,- նշեց մամուլի խոսնակը։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց նաև Առողջապահության նախարարության հետ։ Գերատեսչությունից տեղեկացրին, որ հիշյալ հավելանյութը որպես COVID-19-ի բուժմանն աջակցող միջոց դիտարկելու առաջարկ են ստացել։
Ապրիլի 20-ին ԱՆ-ի նախաձեռնունթյամբ ինֆեկցիոնիստների, վիրուսոլոգների, ռեանիմատոլոգների, ինչպես «Ռիա Ֆարմասյութիքլ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է քննարկում։ Քանի որ այս բուսական հավելումը պատշաճ կերպով գրանցված է եղել, հակավիրուսային ազդեցությունը՝ ապացուցված, քննարկման արդյունքում որոշվել է, որ այն կարող է օգտագործվել՝ որպես բուժմանն աջակցող միջոց։
Այսպիսով՝ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված քննարկումների արդյունքում որոշվել է, որ այս հակաօքսիդանտը կարող է կիրառվել որպես կորոնավիրուսի բուժմանն աջակցող միջոց, որից հետո միայն օգտագործվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող զինծառայող-պացիենտների շրջանում։