Ազգային ժողովը մայիսի 6-ին ընդունեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:
Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ օրենքի 17-րդ հոդվածով սահմանվում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերաբերյալ դրույթները։
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`
- դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
- ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը.
- դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
- մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` օրենսդրությամբ և նախադպրոցական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
- մասնակցելու նախադպրոցական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
- առաջարկներ ներկայացնելու նախադպրոցական կրթական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների բարելավման վերաբերյալ.
- օգտվելու նախադպրոցական հաստատության ուսումնամեթոդական և տեղեկատվական ռեսուրսներից.
- կրթական ծրագրի շրջանակներում ընտրելու և կիրառելու ուսուցման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը.
- օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրեր, ձեռնարկներ և ուսուցողական նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ և սաների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
- ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացնելու համար կիրառելու տարբերակային ձևեր` պահպանելով պլանավորմանը ներկայացվող սկզբունքներն ու չափանիշները.
- նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, նախադպրոցական կրթական ծրագրին համապատասխան` մշակելու և իրականացնելու պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ.
- մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
- օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից.
- իրականացնելու ծնողական կրթության դասընթացներ:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը պարտավոր է`
- հարգել և պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը.
- ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը` հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի մտավոր ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.
- ապահովել սաների կողմից նախադպրոցական ծրագրերի յուրացումը, նրանց զարգացումը և համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձևավորումը` համաձայն նախադպրոցական կրթական չափորոշիչների և ծրագրերի.
- նպաստել սաների արժեքային համակարգի ձևավորմանը, խմբերում ներառական և երեխայակենտրոն միջավայրի ստեղծմանը.
- համագործակցել երեխայի ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ.
- կանխել երեխայի նկատմամբ գործադրվող բռնության կամ դրա իրական սպառնալիքի դեպքում հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններ.
- անցնել պարտադիր բուժզննություն` տարեկան առնվազն մեկ անգամ։
4. Յուրաքանչյուր տարի նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը անցնում է պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան։
Օրենքն ուժի մեջ է մտնում մայիսի 21-ից։