Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը․ հիմնական սկզբունքները, նպատակները և ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է այն նպատակը, որի իրականացմանը պետք է ուղղված լինեն հանրային իշխանության բոլոր մարմինների համատեղ ջանքերը։ Այս տեսանկյունից իրավունքահենք քաղաքականության ձևավորման համար կարևոր նշանակություն ունի հանրային իշխանության մարմինների կողմից ռազմավարական պլանավորումը և հստակ գործողությունների նախատեսումը։ Այս ռազմավարական պլանավորման կենտրոնում պետք է լինեն, մի կողմից, ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով սահմանված իրավական նորմերը, և ՀՀ մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակի սթափ և համապարփակ գնահատումը, մյուս կողմից։ Այս առումով կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Հանրային իշխանությունը պարտավոր է հարգել ու պաշտպանել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները։ 2019թ․ դեկտեմբերի 26-ին  Կառավարությունը N 1978-Լ   որոշմամբ հաստատեց «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» և «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը» (այսուհետ՝ Ռազմավարություն)։  Նախ, հարկ է շեշտել այն հանգամանքը, որ մինչև Ռազմավարության ընդունումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական փաստաթուղթ է հանդիսացել ՀՀ Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությունը, որով հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը։ Այնուհետև, նշված ռազմավարության հիման վրա ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն և 2017 թվականի մայիսի 4-ի N 483-Ն որոշումներով հաստատվել են նշված ազգային ռազմավարությունից բխող գործողությունների երկու ծրագրերը՝ համապատասխանաբար 2014-2016 թվականների և 2017-2019 թվականների համար։

Ռազմավարությունն ընդգծել է  հետևյալ սկզբունքները՝

  • Մարդակենտրոն և իրավունքահենք բնույթը,
  • Թափանցիկությունը և հաշվետվողականությունը,
  • Մասնակցայնությունը և ներառականությունը,
  • Իրագործելիությունը և չափելիությունը,
  • Շարունակական կատարելագործումը։

Ռազմավարությամբ սահմանվել են նպատակներն ըստ հետևյալի՝

  • Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը,
  • Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը,
  • Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը,
  • Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը,
  • Մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունների նախանշում։

            Ռազմավարությունը նախատեսված է 2020-2022թթ․ համար և ծավալային տեսանկյունից այն բավականին ընդգրկուն է և ներառում է պատասխանատու պետական մարմիններ գրեթե բոլոր ոլորտներից։ Մասնավորապես անդրադարձ է կատարվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անձի հիմնարար ազատություններին և իրավունքներին՝ կյանքի իրավունքին, խոշտանգումների արգելքի իրավունքին, գործի արդար քննության իրավունքին, հավաքների և կարծիքի արտահայտման ազատություններին, սոցիալ-տնտեսական իրավունքներին, առողջության պահպանման, աշխատանքային իրավունքներին, սոցիալական ապահովության և տնտեսական իրավունքներին, սեփականության իրավունքին, անձի իրավունքների պաշտպանությանը՝ մասնավորապես երեխաների իրավունքներին և շոշափում է այլ ածանցյալ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել