Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Երեկվա անձրևառատ եղանակը մեմաշատ երեկո ապահովեց սոցցանցերում։
Քաղաքի հեղեղատար համակարգի խնդիրը բացվեց հերթական անգամ: Հեղեղատար համակարգերի գլոբալ խնդրի մասին կխոսեմ վերջում, բայց նախ ասեմ, որ Երևան քաղաքի հեղեղատար համակարգերի շահագործումը, պահպանումը և սպասարկումը, դեռ 2006-ից, պայմանագրով իրագործում է «Վեոլիա գրուպ» ընկերությունը: Երևանի քաղաքապետարանը պայմանագրի կողմ չէ. պայմանագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն:
Այնուհանդերձ, քանի որ սա քաղաքային ենթակառույց է և սրա անխափանության հարցը անմիջականորեն վերաբերում է քաղաքի բնակիչներին, Երևանի քաղաքապետարանը որոշակի գործառույթ իրականացնում է. մասնավորապես, կոմունալ ծառայության աշխատակիցները պարբերաբար իրենց ուսումնասիրությունների արդյունքում առաջարկներ են ներկայացնում Վեոլիային, խնդիրների դեպքում օգնում են դրանց հետևանքների վերացման գործում: Ինչպես, օրինակ, երեկ, երբ մեր կոմունալի աշխատակիցների օգնությամբ խցանումից մաքրվել են նախագահական նստավայրի տարածքի անձրևատար ուղիները: Քաղաքապետարանի առաջարկությամբ նաև նոր հեղեղատարներ են կառուցվում, և եթե նկատել եք, մի քանի թունելներում, որտեղ տարիներ առաջ պարբերաբար ջուր էր կուտակվում, երեկվա անձրևը խնդիր չի առաջացրել:
Ինչ վերաբերում է հեղեղատար համակարգի անկատարության խնդրին ընդհանրապես, պետք է նշել, որ անցած տասնամյակների ինտենսիվ ու հաճախ չնորմավորված կառուցապատումը եւս իր զգալի ազդեցությունը թողել է: Օրինակ, Պռոշյան փողոցի անձրևային հոսքերը, որոնք ժամանակին լցվում էին Հրազդանի ձորն ու խառնվում գետի ջրերին, այժմ «բախվում են» ձորի երկայնքով կառուցված օբյեկտների պարիսպներին ու շարունակում են իրենց ճանապարհը Պռոշյանն ի վար՝ դեպի Լուսավորիչ ու Արշակունյաց պողոտա: Կամ, հենց երեկվա ամենադիտարժան դեպքը՝ Բաղրամյան 26-ի գարաժների հեղեղը, թերևս չէր լինի, եթե վերևում գտնվող Անտառային փողոցի կառուցապատման ընթացքում մանրամասն հաշվի առնվեին կառուցապատման ազդեցությունները, նախագծվեին անհրաժեշտ ենթակառույցները և այլն:
Ամեն դեպքում, կրկնեմ, թեև խնդիրը քաղաքապետարանի ուղիղ լիազորությունների շրջանակում չէ, հեղեղատար համակարգերի հարցով մեր մասնագետները պարբերաբար զբաղվում են»: