Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մարտի 31-ին ստորագրել է N 27 որոշումը, որով սահմանվել են արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամաբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները, որոնք գործում են մինչև ապրիլի 12-ը, ժամը 23:59:
1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։
2. Հայաստանի Հանրապետության մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը։
3. Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:
4. Բացառություն են կազմում՝ չսահմանափակված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ աշխատող անձանց` աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը, ինչի համար անհրաժեշտ է սույն հավելվածի Ձև 1-ով սահմանված տեղեկությունները պարունակող՝ գործատուի կողմից տրամադրված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված տեղեկանքի և անձը հաստատող փաստաթղթի առկայություն։ Այս ենթակետի գործողության սկիզբ է համարվում 2020 թվականի ապրիլի 1-ի ժամը 23:59-ը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի աշխատողների դեպքում գործատուի կողմից տրամադրված տեղեկանքը կարող է փոխարինվել ծառայողական վկայականով:
5. Պարետի ցուցումով՝ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով մուտքերն ու ելքերը:
6. Մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնող / վերադարձող անձանց տեղաշարժը՝ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ը ժամը 23:59:
7. Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունները՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
8. Բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա օրվա ընթացքում մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
9. Բացառություն են կազմում թույլատրված առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ հաճախելը՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: