Կ.Կիրակոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին իր հաշմանդամության 1-ին խմբի առկայությունը ճանաչելուն և պատասխանողին «Սուրբ Գրիգոր Լուսավորից» ԲԿ» ՓԲԸ կողմից տրված «էպիկրիզ»-ի հիմքով նոր վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Կ. Կիրակոսյանը մանկուց` 6 տարեկանից է հաշմանդամ 1964-1965թթ., սակայն հաշմանդամ չի ճանաչվել մինչև 2008թ-ը։ Այժմ նրա 1-ին խմբի իրական հաշմանդամությունը հաստատող անցյալ փաստաթղթերը` ապացույցները, բացակայում են և անհնար է վերականգնել։
Չնայած 2008թ. և նրանից հետո բժիշկների ամբուլատոր և հիվանդանոցային (ստացիոնար) հետազոտությունների արդյունքում տրված է այժմյան առաջին խմբի իրական հաշմադամության հաստատող փաստի նկարագրության «էպիկրիզները», սակայն որպես Կ.Կիրակոսյանի 1-ին խմբի հաշմանդամության իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելություն, դրանք չեն ընդունվում բժշկասոցիալական փորձաքննության ո՛չ Վանաձորի հանձնաժողովի և ո՛չ էլ ՀՀ գործակալության կողմից։
Կարեն Կիրակոսյանը 21.02.2008թ. առաջին անգամ դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով` խնդրելով իրեն ենթարկել բժկասոցիալական փորձաքննության` հաշմանդամության սահմանման նպատակով։ Լուռու թիվ 1 ԲՍՓՀ-ն, ելնելով անձի զննման տվյալներից, սահմանել է հաշմանդամության 2-րդ խումբ, «ընդհանուր հիվանդությամբ» պատճառական կապով, 1 տարի ժամկետով։
26.01.2009թ. հաշմանդամության սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ Կ.Կիրակոսյանին վերափորձաքննության արդյունքում սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ, «ընդհանուր հիվանդությամբ» պատճառական կապով, 1 տարի ժամկետով։ 16.02.2010թ. վերափորձաքննության արդյունքում կայացվել է նույնատիպ որոշում։ 07.06.2010թ. Կ.Կիրակոսյանը վերափորձաքննության նպատակով դիմել է Լոռու թիվ 1 ԲՍՓՀ։ 22.06.2010թ. Լուռու թիվ 1 ԲՍՓՀ-ն, ուսումնասիրելով հայցվորի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը, ՀՀ կառավարության 13.06.2003թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ և 31-րդ կետերով Կ.Կիրակոսյանի դիմումը բավարարել է` սահմանելով հաշմանդամության 2-րդ խումբ, «ընդհանուր հիվանդությամբ» պատճառական կապով, անժամկետ։ Հայցվորը, համաձայն չլինելով որոշման հետ, այն վարչական կարգով բողոքարկել է։ Բողոքարկման կարգով վերափորձաքննության ընթացքում Գործակալության փորձաքննական բաժինը, ՀՀ կառավարության 02.03.2006թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետի դրույթներով Կ.Կիրակոսյանին ուղեգրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ» ՓԲԸ։
Գործում առկա ՀՀ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ» ՓԲԸ նյարդաբանական բաժանմունքի կողմից Կ. Կիրակոսյանին տրված «էպիկրիզ»-ի (տրվել է բուժող բժիշկ Ն.Հ.Կանայանի, նյարդաբանական բաժանմունքի վարիչ Գ.Տ Սահակյանի, նյարդաբանական կլինիկային ղեկավար պրոֆեսոր Գ.Ա. Հովհաննիսյանի կողմից) համաձայն` Կարեն Կիրակոսյանը բուժվել է 22.07.2010թ. մինչև 25.07.2010թ.։ Ախտորոշումը` «մանկական ցերեբրալ պարալիչ, կայուն մնացորդային երևույթներով (ատակտիկ ուղեղիկային ձև) ստատոլոկոմոտոր ֆունկցիայի ծանր խանգարումներով, չափավոր դիզարտրիայով, շարժումների դիսկորդինացիայով արտահայտված մկանային հիպոտոնիայով, վերին վերջույթների պարեզով, ստորին վերջույթների պլեգիայով, չափավոր մտավոր հետամնացությունով, ասթենո-նևրոտիկ համախտանիշով։ Ցանցենու պիգմետնային դեգերեներացիա, տեսաներվի սուբատրոֆիա։»։
Սույն գործով Դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման, և վճռել՝
պարտավորեցնել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը ընդունել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ» ՓԲԸ կողմից տրված «էպիկրիզ»-ի հիմքով Կ.Կիրակոսյանի հաշմանդամության 1-ին խմբի առկայությունը սահմանող վարչական ակտ։
Սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net