Ավետիս Ավետիսյանին (53 տարեկան) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ 2008թ. հոկտեմբերից մինչև 2011թ. մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում բազմիցս ծեծի ենթարկելու և բռնի գործողություններ կատարելու միջոցով խոշտանգել է իրենից ամուսնական կախվածության մեջ գտնվող, ակնհայտ հղի կնոջը` Նունեին, նրան բազմիցս պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ:
Բացի դա, 01.08.2011թ. գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` Երևանի Նոր Արեշում վիճաբանության մեջ է մտել իր հորաքույր Ազնիվ Սերոբյանի և նրա ամուսին Վահան Չախալովի հետ, որի ընթացքում դիտավորյալ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջիններիս ու նրանց առողջությանը պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Առաջին ատյանի դատարանը Ավետիս Ավետիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 118 հոդվածով.
ՀՀ քր. օր-ի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով դատապարտել ազատազրկման` 3/երեք/ տարի ժամկետով,
ՀՀ քր. օր-ի 118 հոդվածով դատապարտել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի` 50.000/հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով։
ՀՀ քր. օր-ի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` պատիժները լրիվ գումարելու միջոցով, վերջնական դատապարտել ազատազրկման` 3/երեք/ տարի ժամկետով և տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի` 50.000/հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով։
Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Սակայն դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել: Ավետիս Ավետիսյանը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան: Նա դատարանից խնդրում է բեկանել դատավճիռը և գործն ուղարկել նույն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, նոր քննության կամ կիրառել ՀՀ քր.օր. 70 հոդվածը` պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավորության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net