ՀՀ առողջապահության նախարարությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի` վերջինիս 2010թ. հոկտեմբերի 21-ին տրված թիվ Կ-XX-001461 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին։
Ընկերությունը ք.Երևան, Կողբացու փողոց, 28 շենք, թիվ 69 հասցեում բժշկական օգնության և սպասարկման գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար 10.09.2010 թվականին նախարարություն է ներկայացրել համապատասխան հայտ և 2010 թվականի հոկտեմբերի 21-ին ստացել է բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-001461 լիցենզիան։
Ընկերության կողմից վերը նշված հասցեում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գործունեության՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 18.05.2011 թվականի թիվ 951-Ա հրամանի հիման վրա Ընկերությունում իրականացվել է զննում։ Զննման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գործունեության ընթացքում խախտվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձանց համար նախատեսված մի շարք պարտադիր պահանջներ և պայմաններ։
Հրամանից առաջ, այն է` 2011թ. մայիսի 17-ի թիվ ՀԳ /11.2/4170-11 ծանուցմամբ ընկերությունը տեղեկացվել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի հիման վրա 2011թ. մայիսի 12-ին հարուցվել է վարչական վարույթ` «պարզելու «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի գործունեության համապատասխանությունը ՀՀ լիցենզավորման օրենսդրության պահանջներին»։ Ծանուցմամբ տեղեկացվել է նաև, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2011թ. մայիսի 18-ին նշանակվել է զննում։
Սույն գործով դատարանը արձանագրել է, որ բժշկական օբյեկտում զննում կատարելու վերաբերյալ արձանագրությունը չի կարող հիմք հանդիսանալ լիցենզիայի գործողության դադարեցման համար։ դատարանն արձանագրել է նաև, որ հայցվոր կողմի գործողությունները` ուղղված ընկերությունում զննում կատարելու և զննման արդյունքների հիման վրա նրան տրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դատարան պահանջ ներկայացնելու հետ, օրենքից չեն բխում, հետևաբար հայցը հիմնավորված չէ և ենթակա է մերժման։ Դրա հետ միաժամանակ դատարանը նշում է, որ հայցը հիմնավորված չլինելու հիմնական պատճառաբանությունն այն է, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար հայցվոր կողմի վկայակոչած հիմքը օրենքով սահմանված չէ։
Սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net