Կառավարության որոշմամբ՝ Արամ Թանանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Ա. Թանանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 2-ի N 1807-Ն որոշումը:
Արամ Թանանյանը 2018 թվականից զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը: Երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում՝ մասնավորապես զբաղեցրելով ղեկավար պաշտոններ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում (2010-2018թթ.), Հայաստանի փրկարար ծառայությունում (2004-2010թթ.), ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում (1997-2004թթ.): Ղեկավարել է նաև Մուրմանսկի մարզի Քաղաքացիական պաշտպանության շտաբի ճառագայթային – քիմիական լաբորատորիան (1986-1990թթ.), Կիրգիզական ՍՍՀ Քաղաքացիական պաշտպանության շտաբի Զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետևանքների գնահատման խումբը:
2007-2010թթ. Կենսաբանական ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ ծավալված համագործակցության համակարգող, 1997-2010թթ. ՀՀ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նախագահ, 1996-2010թթ. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետ՝ ճառագայթային ահաբեկչության դեմ պայքարի և բնակչության պաշտպանության հարցերով, 1994-2010թթ. Քիմիական զենքի արգելման և ոչնչացման կոնվենցիայի փորձագետ, 2006թ. ԱՊՀ երկրների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի նախագահ, 1997-2010թթ. ԱՊՀ երկրների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ»,-նշվել է հիմնավորման մեջ։