Կառավարությունն այսօր` հունվարի 30-ին, հերթական նիստի ժամանակ պետական գնումների ոլորտին վերաբերող որոշում է հաստատել (փոփոխություններ կառավարության N 534-Ն որոշման մեջ):
Այս կարգավորումը բխում է մինչ այժմ գնումների ոլորտում իրականացված բարեփոխումներից:
Որոշումը կառավարության նիստում ներկայացնելիս Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են էլեկտրոնային աճուրդի կարգավորմանը:
Այսպես, ըստ կատարված փոփոխության, եթե մինչ այժմ գործող կարգավորումների համաձայն, էլեկտրոնային աճուրդի ժամանակ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ինչ-որ պատճառով պայմանագիրը չկատարելու դեպքում առաջարկվում էր պայմանագիր կնքել երկրորդը տեղը զբաղեցրած մասնակցի հետ, ապա կատարված փոփոխություններով առաջարկվում է կանգնեցնել գնման գործընթացը և այն հայտարարել չկայացած:
«Տրամաբանությունը հետևյալն էր՝ երկու կազմակերպություններ կարող էին գալ հակամրցակցային համաձայնության և նրանցից մեկը աճուրդի ընթացքում սկզբունքորեն և էապես ցածր գին առաջարկելով դառնար առաջին տեղը զբաղեցնող մասնակից ու արդյունքում նրան հաջորդող արդեն երկրորդ կազմակերպությանը առաջարկվեր այն գինը, ինչ երկրորդ կազմակերպությունը ներկայավցրել էր առանց աճուրդին բովանդակային մասնակցության: Այժմ այդ հնարավորությունը ուղղակի սահմանափակվում է: Սա արդյունք է այն մշտական բարեփոխումների, որոնք իրականացվում են պետական գնումների ոլորտում և նպատակ ունի կանխել աճուրդներում հակամրցակցային համաձայնությունների հնարավորությունը», -ներկայացրել է նախարար Ջանջուղազյանը: