Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:
Այսինքն, Սերբիայի Հանրապետության քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ ՀՀ քաղաքացիները՝ Սերբիայում։
2019թ․ հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 2-ին։
ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։
Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ անհրաժեշտություն է առաջացել Սերբիայի քաղաքացիներին նույնպես ազատել ՀՀ մուտքի վիզայի պահանջից:
Կառավարությունը որոշումն ընդունեց։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր անց։