ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն՝ երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը։ Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1219-րդ հոդվածի համաձայն՝ չորրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրերը, քեռիները մորաքույրերը)։ Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրերի ու քեռիների և մորաքույրեի երեխաները ժառանգում եմ ներկայացման իրավունքով։
ՀՀ Քաղաքացիական օրենսգքրի 1215-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում։
Քաղաքացիական օրենսգրքի վերը նշված հոդվածների մեկնաբանությունից հետևում է, որ համահայր կամ համամայր քույրերը կամ եղբայրները հարազատ քույրերի կամ եղբայների հետ հանդիսանում են հավասար հերթի ժառանգներ:
Արդյո՞ք ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով համահայր կամ համամայր քույրերը կամ եղբայրները երկրորդ հերթի ժառանգներ են, թե ոչ:
Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշումներում տվել է հետևյալ մեկնաբանությունը:
ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ արգելվում է ամուuնություն կնքել մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպեu նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև:
Ամուսնական իրավահարաբերություններում, կարևորելով գենետիկական ներդաշնակության առաջնայնությունը, օրենսդիրը տարանջատել է «հարազատ եղբայրներ ու քույրեր» և «համահայր կամ համամայր եղբայրներ ու քույրեր» հասկացությունները՝ ամուսնության արգելք սահմանելով նաև համահայր կամ համամայր եղբայրների և քույրերի միջև, ինչը կապված է այս հարաբերությունների խիստ անձնական-ֆիզիոլոգական բնույթի հետ։
Մինչդեռ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի «ժառանգական իրավունք» բաժնում զետեղված նորմերում որևէ տարանջատում սահմանված չէ «հարազատ քույրեր և եղբայրներ» և «համահայր կամ համամայր քույրեր և եղբայրներ» հասկացողությունների միջև, քանի որ այս հարաբերությունները գույքային բնույթի հարաբերություններ են։
Այսինքն, ժառանգական իրավահարաբերություններում անձի ժառանգական իրավունքները սահմանափակած չեն ժառանգատուի հետ համահայր կամ համամայր եղբայր կամ քույր լինելու հանգամանքով։ Հետևաբար, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով ժառանգատուի «հարազատ քույրեր և եղբայրներ» հասկացությունն իր մեջ ներառում է նաև համահայր կամ համամայր քույրերին և եղբայրներին։
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ժառանգական իրավահարաբերություններում ժառանգատուի հարազատ եղբայրներին և քույրերին հավասարեցված են նաև ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույրերը և եղբայրները։
Այսինքն, անձն երկրորդ հերթի ժառանգ է նաև այն դեպքում, երբ ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույր կամ եղբայր է:
Աղբյուրը` Իրավաբան.net