Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 2020 թվականի առաջին նիստի ժամանակ անդրադարձել է հաշվիչ դրամարկղային մարմինների կտրոններ չտրամադրելու հարցին: Նա նշել է, որ շարունակում են ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտալու մասին:
Փաշինյանը նշել է, որ Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ:
«Իհարկե, վարչարարության առումով մենք պետք է շատ խիստ վերաբերվենք այս դեպքերին, բայց ես երեկ ՊԵԿ նախագահի հետ մի գաղափար եմ քննարկել։ Ինչպես մենք հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, երեկ ես այդպիսի գաղափար եմ ներկայացրել ՊԵԿ նախագահին, որ նույնկերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկող քաղաքացիներին տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ։ Ես կարծում եմ՝ սա ճիշտ գաղափար է, պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև խոսքը ազգային հարստության մասին է»,- ասաց վարչապետը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ հնարավոր չի լինում ապացուցել ՀԴՄ կտրոն տալ կամ չտալու պահը, և այդ ակտերը դատական կարգով համատարած անվավեր են ճանաչվում։ Տնտեսվարողը շատ հանգիստ ասում է, որ իր մոտից գնում չի կատարվել։
ՊԵԿ նախագահն ասաց, որ պետք է ապացուցողական նշանակություն ունենա այդ տեսաձայնագրումը։ Պետք է նույնականացման հարցը լուծել։ «Կներեք, իզուր եք պատմում այդ ամեն ինչը, ձեր աշխատանքային խնդիրն է, պետք է լուծել, գնացեք լուծեք։ Իմ դրած խնդիրն այն է, որ չպետք է ՀԴՄ կտրոն չտրամադրող որևէ մեկը մնա անպատիժ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում