Ակցիզային հարկի հետ կապված փոփոխությունների արդյունքում ընկերությունները խնայողություններ կունենան
2020 թվականի հունվարի 1-ից ակցիզային հարկի ոլորտում որոշ բարելավումներ են սպասվում։ Նախկինում, եթե կազմակերպությունները ներմուծում էին ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ, թեկուզ և ոչ սպառման իրացման նպատակով, միևնույն է համարվում էին ակցիզահարկ վճարողներ և հնարավորություն չէին ունենում շարունակել իրենց գործունեությունը շրջանառության հարկի համակարգում։ Ստացվում էր, որ օրինակ կազմակերպությունն իր ներարտադրական սարքավորումների համար քսայուղ էր ձեռք բերում, ողջ գործունեությամբ տեղափոխվում էր ակցիզահարկի դաշտ։
«Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով նախատեսվող փոփոխությունը դրական ազդեցություն կունենա բիզնեսների համար և կազմակերպությունները խնայողություններ կունենան։
«Նոր փոփոխությամբ հանեցին այդ սահմանափակումը, որ կազմակերպությունն իր ներտնտեսական կարիքների համար ակցիզահարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծելիս չի տեղափոխվում ակցիզահարկի հարկման համակարգ և համապատասխանաբար փոփոխություն կատարվեց նաև շրջանառության հարկման համակարգում դրույքաչափերի մեջ, երբ առևտրական գործունեություն իրականացնողները հնարավորություն ունեին իրենց իրացման շրջանառության 5 տոկոս հաշվարկված դրույքաչափից նվազեցնելու իրենց ձեռքբերումների 3,5 տոկոսը։ Որպես ձեռքբերումներ ընդունվում էին ինչպես ՀՀ տարածքում ձեռքբերումները, այնպես էլ ներմուժումները, որի ժամանակ հնարավորություն էր ընձեռվում նվազեցնելու մաքսային արժեք + ԱԱՀ, սակայն հնարավորություն չկար + ակցիզահարկը նվազեցնելու, քանի որ, եթե լիներ ակցիզահարկ՝ կազմակերպությունը չէր էլ համարվի շրջանառության հարկ վճարող։ Այս դեպքում նվազեցումների շարքում ավելացել է նաև մաքսային արժեք + ԱԱՀ, + ակցիզահարկ և մնացած մաքսատուրք և այլն»,-նշում է նա։
Փորձագետի խոսքով՝ այս դեպքում կազմակերպությունները շրջանառության հարկը հաշվարկելիս խնայողություններ կունենան։
Արմեն Պետրոսյանը նշում է նաև փոխկապակցված ընկերությունների հարկման ոլորտում նախատեսվող փոփոխությունների ու դրանում առկա խնդիրների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում