Ի՞նչ իմանար, որ քեռու համար գնված ձկների պատճառով վարչական պատասխանատվության կենթարկվեր

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) վճարովի է:

 

Օգտագործման պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

 

Նույն օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է

 

ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի պարտականությունները: Օրենքի վերոնշյալ դրույթները ցույց են տալիս, որ դրանցով կարգավորվում են կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը և պայմանները։

 

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը, 2012թ. հոիլիսի 25-ին դիմելով դատարան հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ծառայող Մ.Գրիգորյանը 2011թ. նոյեմբերի 4-ին` ժամը 12։00-ի սահմաններում, իր կողմից սպասարկվող թիվ 2 տեղամասում շրջագայելիս Շահումյան փողոցի 97 շենքի մոտ նկատել է, որ Գեղարքունքի մարզի Ծակքար գյուղի բնակիչ Հ.Հայրապետյանն իր կողմից վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով առանց համապատասխան թույլտվության ձուկ է վաճառում։ Պարզվել է, որ Հ.Հայրապետյանը չունենալով համապատասխան թույլտվություն, որսացել է 4 կողակ տեսակի և 15 կարաս տեսակի ձուկ՝ խախտելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 25-րդ և 29-րդ հոդվածների պահանջները։ Կատարված իրավախախտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ և Տեսչության Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից Հ.Հայրապետյանին պատշաճ կարգով 2011թ. նոյեմբերի 7-ին ուղարկվել է ծանուցում՝ հարցի քննարկմանը մասնակցելու համար։ Տեսչության Վայոց Ձորի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը, 2011թ. նոյեմբերի 18-ին կայացրել է թիվ 032 որոշումը, որով Հ. Հայրապետյանի նկատմամբ նշանակվել է 70.000 դրամի վարչական տուգանք։ Քանի որ այդ գումարը սահմանված կարգով նա չի վճարել պետական բյուջե և որոշումը չի վիճարկել, Տեսչությունը դատարանից խնդրել է 70.000 դրամի գանձման նպատակով արձակել վճարման կարգադրություն: Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի կանոններին համապատասխան` 2012թ. փետրվարի 6-ին արձակել է վճարման կարգադրություն:

 

Հ.Հայրապետյանը ներկայացրել է հակընդդեմ հայց, որում հայտնում է, որ Տեսչության հայցն անհիմն է, քանի որ սկզբանակն հայցվորը արձանագրել է, որ իր ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է 4 կողակ տեսակի և 15 կարաս տեսակի ձկներ, որոնք իբր ինքը վաճառելիս է եղել։ Իսկ տուգանք սահմանելու մասին որոշման մեջ նշվել է, որ չունենալով համապատասխան թույլտվություն՝ ինքը որսացել է վերոնշյալ քանակի և տեսակի ձկներ՝ խախտելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 25-րդ և 29-րդ հոդվածների պահանջները։ Պարզվում է, որ մի դեպքում ինքը ձուկ է վաճառել, իսկ մյուս դեպքում այն որսացել է, որի վերաբերյալ սկզբնական հայցվորը որևէ ապացույց չունի և չի կարող ունենալ, քանի որ ինքը երբեք ձուկ չի որսացել։ Հ.Հայրապետյանը պնդմամբ՝ ձուկը գնել է Երևանի Մալաթիայի շուկայից, քյավառցի մի տղայից, որպեսզի տանի իր հիվանդ քեռուն՝ տեսակցությանը դատարկ ձեռքով չգնալու նպատակով։ Շուկայում ամենաէժան ձկները դրանք են եղել, դրա համար էլ ուրիշ տեսակի ձուկ չի գնել։ Սակայն քեռու մոտ գնալուց հետո վերջինս հայտնել է, որ ինքը այդ տեսակ ձկներից չի ուտում։ Նկատի ունենալով այդ հանգամանքը, միանգամից ձկները տարել է քեռու շենքի բակ և մուտքի դիմաց ցանկացել է վաճառել, որպեսզի չփչանան։ Դեռ ոչ մի ձուկ չվաճառած՝ մոտեցել է ոստիկանության ներկայացուցիչը և իրեն տարել բաժին։ Բաժնում ասել է, թե որտեղից և ինչ նպատակով է ձկները գնել և ինչու է ուզեցել վաճառել։

 

Վարչական դատարանն արձանագրել է, որ սոցիալական նպատակներով ձկան որսը պետք է կատարվի վճարի դիմաց՝ համապատասխան պայմանագրի հիման վրա։ Եթե օրենքի այդ պահանջը, այն է՝ առանց պայմանագրի որս կատարելու փաստ է հայտնաբերվում, ապա միայն այդ դեպում կարող է խոսք գնալ «համապատասխան փաստաթղթերի» բացակայության մասին և դա էլ պետք է վերաբերի որս անելուն։ Իսկ սույն գործի փաստերով չի հաստատվում Հակընդդեմ հայցվորի կողմից ապօրինի ձկան որս կատարած լինելու փաստը։

 

Բացի այդ, գործի հանգամանքերից պարզ է դառնում, որ Տեսչությունը պատշաճ վարչական վարույթ չի իրականցրել, հակառակ դեպքում կարող էր պարզել. Իրո՞ք Հակընդդեմ հայցվորն է որսացել իր մոտ հայտնաբերված ձկները, որտեղ, երբ և ինչ հանգամանքներում։ Սակայն Տեսչության համար բավարար է համարվել ձկներ հայտնաբերելը հակընդդեմ հայցվորի մոտ՝ դրանից այն հետևությունը անելու համար, որ հենց նա էլ դրանք որսացել է, և քանի որ դրա համար համապատասխան պայմանագր չի ունեցել, ուստի և ապօրինի է դա արել։ Դրանով Տեսչությունը խախտել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 281-րդ հոդվածի պահանջն այն մասին, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի նաև գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը։

 

ՀՀ վարչական դատարանը (նստավայրը ք. Սևան), 2012թ.-ի օգոստոսի 24-ին կայացրած վճռով, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայցը` ընդդեմ Հայրապետ Ֆրունզի Հայրապետյանի` 70.000 դրամ տուգանքի գումար հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, մերժել է, իսկ Հ.Հայրապետյանի հակընդդեմ հայցը` ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության` 2011թ. նոյեմբերի 18-ի թիվ 032 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել է և անվավեր ճանաչել այդ որոշումը։

 

Սույն վճիռը 2012 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել