Դատավորների Միջազգային Միությունը հիմնադրվել է 1953 թվականին Ավստրիայում որպես պրոֆեսիոնալ, ապաքաղաքականացված միջազգային կազմակերպություն՝ միավորելով ոչ թե անհատ դատավորների, այլ դատավորների ազգային միությունների։
Դատավորների միջազգային միության գլխավոր նպատակը դատական իշխանության անկախության ապահովումն է որպես դատական իշխանության արդյունավետ գործունեության և մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման հիմնական նախապայման։
Այսօր Միությունը ներառում է 70 ազգային միություններ կամ ներկայացուցչական խմբեր աշխարհի հինգ մայրցամաքներից։ Դատավորների միջազգային միությունն ընդգրկում է չորս տարածաշրջանային խումբ.
1.Եվրոպական դատավորների միություն (38 երկիր)
2.Լատինոամերիկյան տարածաշրջանային խումբ (15 երկիր)
3.Աֆրիկյան տարածաշրջանային խումբ (12 երկիր)
4. Ասիական, Հյուսիսային Ամերիկայի և Անդրօվկիանոսյան տարածաշրջանային խումբ (9 երկիր)։
Դատավորների միջազգային միությունն ունի չորս Ուսումնասիրող հանձնաժողովներ, որոնք համապատասխանաբար գործում են դատական վարչարարության և դատական իշխանության կարգավիճակի, քաղաքացիական իրավունքի և դատավարության, քրեական իրավունքի և դատավարության, ինչպես նաև հանրային և սոցիալական իրավունքի ոլորտներում։ Ազգային զեկույցների հիման վրա Հանձնաժողովների անդամները քննարկում են աշխարհի տարբեր երկրներում արդարադատության գործառույթի հետ կապված ընդհանուր հետաքրքրության հարցերը։
Դատավորների միջազգային միությունը խորհրդատվական բնույթ ունի Միացյալ Ազգերի Կազմակերպությունում և Եվրոպայի Խորհրդում։
Աղբյուրը` Իրավաբան.net