Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հետևելով 2019 թվականի նոյեմբերի 25-ին Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից նախաձեռնված խուզարկություն իրականացնելուն ուղղված քննչական գործողության ընթացքին, պարզել է հետևյալը, որի մասին հայտարարություն է տարածել․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Օ․Առաքելյանը նկատի ունենալով, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանը փաստաբանական ծառայություններ է մատուցել ընկերությանը, հետևապես փաստաբանի կողմից շահագործվող համակարգիչներում կարող են առկա լինել իր վարույթում քննվող քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել է թույլատրել կատարելու խուզարկություն:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21․11․2019թ․ որոշմամբ բավարարվել է ավագ քննիչ Օ․Առաքելյանի միջնորդությունը և, վերջինիս թույլատրվել է խուզարկություն կատարել Երևան քաղաքի Նալբանդյան 5 հասցեում գտնվող Հովհաննես Չամսարյանի աշխատասենյակում՝ ենթադրյալ կեղծիք կատարելու հանգամանքը պարզելու նպատակով:
Քննիչը, ներկայանալով Երևան քաղաքի Նալբանդյան 5 հասցեում գտնվող երկու աշխատասենյակ ունեցող փաստաբանական կազմակերպության գրասենյակ, խուզարկել է աշխատասենյակները և կապարակնքել է երկու համակարգիչները և հայտարարել դրանք առգրավելու մասին:
Այնուհետև, ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչների, այլ փաստաբանների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների իրավական համապատասխան պարզաբանումների արդյունքում քննիչը համակարգիչները վերադարձրել է փաստաբան Հովհաննես Չամսարյանին, սակայն պահանջել է թույլատրել զննել դրանց պարունակությունը տեղում, որի դեմ փաստաբան Հովհաննես Չամսարյանն առարկել է:
Նշվածի կապակցությամբ Հանձնաժողովը հարկ է համարում ընդգծել, որ․
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն`
– Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը (2-րդ մաս).
– Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս (6-րդ մաս).
– Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել (7-րդ մաս):
Նշված նորմերը կոչված են երաշխավորելու փաստաբանների անկախությունը, ինչպես նաև վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Օրենքի պաշտպանության ներքո են գտնվում նաև փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը, ինչպես նաև փաստաբանական գրասենյակը, իսկ փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչներն անձեռնմխելի են:
Փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը երաշխավորվում է ոչ միայն ներպետական օրենսդրությամբ, այլև միջազգային պայմանագրերով, որոնք կազմում են մեր իրավական համակարգի բաղկացուցիչ մասը։
1990թ. սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման եւ իրավախախտների հետ վարվելու ութերորդ Կոնգրեսի ընդունած «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներում» տեղ գտած 22-րդ կետի համաձայն․ Կառավարությունները ընդունում և ապահովում են իրավաբանների և նրանց հաճախորդների ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` նրանց մասնագիտական առնչությունների շրջանակներում:
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Իրավաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» թիվ 21 հանձնարարականում սահմանվել են մի շարք հիմնարար ընդհանուր դրույթներ։ Այդ թվում այն, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց խտրականության և առանց խոչընդոտների, ինչպես հանրության, այնպես էլ իշխանությունների կողմից:
Բազմաթիվ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել փաստաբանի գրասենյակում կամ տանը իրականացվող խուզարկությունների և առգրավումների (տե՛ս Նեմեցը, Ռոեմեն և Շմիդտն ընդդեմ Լյուքսեմբուրդգի, 51772/99, ՄԻԵԴ 2003 IV, Սալլինեն և այլոք ընդդեմ Ֆինլանդիայի, թիվ 50882/99, 27 սեպտեմբերի 2005թ, տե՛ս վերը` Անդրե, և Խավիեր Դա Սիլվիերա), իրավաբանի և իր հաճախորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման (տե՛ս Շոնենբերգեր և Դուրմազն ընդդեմ Շվեյցարիայի, 20 հունիսի 1988, Սերիա Ա թիվ 137), իրավաբանի հեռախոսը գաղտնալսելու (տե՛ս Կոփփ) և իրավաբանական ընկերությունում խուզարկության և էլերտրոնային տեղեկատվության առգրավման (տե՛ս վերը` Սալլինեն և այլոք և Վեստեր և Բիկոս Բետեյլիգունգեն ԳմբՀ) համապատասխանությունը Կոնվենցիայի այս դրույթին: Այդ կապակցությամբ դատարանը նշել է, որ 8-րդ հոդվածի ուժով իրավաբանի և իր հաճախորդի միջև նամակագրությունը, անկախ դրա նպատակից (խիստ մասնագիտական նամակագրությունը ներառյալ՝ Տե՛ս վերը` Նեմեց, կետ 32), ունի արտոնյալ կարգավիճակ, երբ հարցը վերաբերում է գաղտնիությանը (տե՛ս Քամփբելն ընդդեմ Միացյալ Թագավորության, 25 մարտի 1992թ, կետեր 46-48, Սերիա Ա թիվ 233, և նաև, ի թիվս այլ աղբյուրների, Էքինջին և Աքալընն ընդդեմ Թուրքիայի թիվ 77097/01, 30 հունվարի 2007թ, կետ 47, ինչպես նշվել է ավելի վաղ, սա կիրառվում է իրավաբանների և իրենց հաճախորդների միջև բոլոր ձևի գրագրությունների նկատմամբ): Դատարանը նաև նշել է, որ դա «առանձնահատուկ կշիռ է հաղորդում» իրավաբանի մասնագիտական գաղտնիության նկատմամբ ոտնձգության վտանգին, «քանի որ դա կարող է հետևանքներ ունենալ արդարադատության պատշաճ իրականացման վրա» (տե՛ս վերը` Վեստեր և Բիկոս, կետեր 65 և 66, տե՛ս վերը` Նեմեց, կետ 37, և Անդրե կետ 41) և մասնագիտական գաղտնիությունը հիմքն է իրավաբանի և հաճախորդի միջև վստահելի հարաբերությունների (տե՛ս վերը` Անդրե, կետ 41, և Խավիեր Դա Սիլվիերա, կետ 36): Արդյունքում, քանի որ 8-րդ հոդվածը պաշտպանում է անհատների միջև բոլոր տեսակի «նամակագրության» գաղտնիությունը, այն ավելի ուժեղ պաշտպանություն է տրամադրում իրավաբանների և իրենց հաճախորդների միջև գրագրությանը: Սա արդարացված է այն փաստով, որ իրավաբանները հիմնարար դեր ունեն ժողովրդավարական հասարակությունում, այն է` դատավարության կողմերին պաշտպանելը: Բացի այդ իրավաբանները չեն կարող իրականացնել այս կարևորագույն առաջադրանքը, եթե չկարողանան երաշխավորել իրենց պաշտպանյալներին, որ իրենց միջև տեղեկատվության փոխանակությունը կմնա գաղտնի: Դա վստահության վրա հիմնված հարաբերությունն է նրանց միջև, որը էական է այդ առաքելության իրականացման համար, և որ վտանգի է ենթարկված: Անուղղակիորեն, բայց անխուսափելի կախված է դրանից բոլորի` արդար դատաքննության իրավունքը, ներառյալ մեղադրյալների՝ իրենք իրենց չմեղսագրելու իրավունքը: Այս լրացուցիչ պաշտպանությունը, որ շնորհում է 8-րդ հոդվածը իրավաբան-հաճախորդ հարաբերությունների գաղտնիությանը, և որի վրա այն հիմնված է, Դատարանի մոտ համոզմունք է ծնում, որ այս տեսանկյունից, իրավական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնությունը առանձնահատուկ կերպով պաշտպանված է այդ հոդվածով:
Համադրելով 25.11.2019թ. ԱԱԾ քննիչի կողմից փաստաբանի գրասենյակի խուզարկման և համակարգիչների առգրավման փորձի ժամանակ առկա փաստերը վերոհիշյալ նորմերի հետ, Հանձնաժողովն արձանագրում է հետևյալը՝
– ԱԱԾ-ում քննվող քրեական գործը հարուցվել է միջին ծանրության հանցագործության ենթադրյալ կատարման հատկանիշներով.
– ԱԱԾ քննիչը դատարանի որոշման մեջ նշված փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվության հիման վրա փաստացի խուզարկել է փաստաբանական կազմակերպության երկու աշխատասենյակ, որոնցից մեկը փաստաբան Հովհաննես Չամսարյանի աշխատասենյակը չէ.
– Երկու տարբեր աշխատասենյակներից, որոնցից մեկի վերաբերյալ քննիչը չի ունեցել դատարանի թույլտվությունը, վերցվել են երկու համակարգիչներ և փաթեթավորվել են.
– Փաստաբան Հովհաննես Չամսարյանը ԱԱԾ կողմից իրականացվող քրեական գործով ունեցել է վկայի կարգավիճակ.
– Փաստաբան Հովհաննես Չամսարյանի առնչությունը ԱԱԾ կողմից իրականացվող քրեական գործով սուբյեկտի հետ առաջացել է Հովհաննես Չամսարյանի կողմից փաստաբանական գործունեություն իրականացնելու փաստից.
– ԱԱԾ քննիչն իրավասու չէր փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակում խուզարկություն կատարել և համակարգիչ առգրավելու փորձ կատարել:
Այս պայմաններում, Հանձնաժողովը պնդում է, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակում գտնվող համակարգիչն ամբողջությամբ գտնվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ միջին ծանրության հանցագործության բացահայտման հանրային շահը այս պայմաններում չի կարող գերակայել փաստաբանի՝ փաստաբանական գաղտնիքը պահպանելու հանրային շահի նկատմամբ: Հակառակ դեպքում, կվտանգվի փաստաբանական գործունեության իրականացումը իրավական պետություն համարվող Հայաստանի Հանրապետությունում, քանի որ նախաքննության մարմինը միշտ էլ կարող է այդ պատրվակով տիրանալ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Վկայակոչված միջազգային և ներպետական իրավակարգավորման, ինչպես նաև ձևավորված միջազգային դատական պրակտիկայի պայմաններում ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից փաստաբանի գրասենյակը խուզարկելու և, նրա վստահորդի իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչներն առգրավելու փորձի գործողություններն իրավաչափ համարվել չեն կարող, ավելին, երբ նույն կրիչներն օգտագործվելով համակարգիչներում՝ կարող են նաև պարունակել փաստաբանի այլ վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության» Կարգի 2.13 և 2.14 կետերով, Հանձնաժողովը՝
– հայտարարում է, որ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված արգելքին հակառակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Օ.Առաքելյանի կողմից փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակի խուզարկությունը և համակարգիչների առգրավման փորձը միջամտություն է փաստաբանական գործունեությանը և հակասում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-դ, 6-րդ և 7-րդ մասերի պահանջներին:
– դատապարտում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Օ.Առաքելյանի՝ փաստաբանական գործունեությանը միջամտող, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները:
-հորդորում է ՀՀ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց:
Հանձնաժողով
Համակարգող՝ Գևորգ Մկրտչյան
Անդամներ՝ Արմինե Ֆանյան
Արսեն Մկրտչյան
Լիանա Բալյան
Արմեն Ֆերոյան
Դիանա Շախրամանյան
Էմին Բեգլարյան»,-նշված է հայտարարության մեջ։