Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածը սահմանում է, որ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ 50 հազարից մինչև 100 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն գործողությունը, որը՝
1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով,
2) խոշոր չափերի վնաս է պատճառել,
3) կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ,
4) կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Նույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ,
3) առաջացրել է պատմական, գիտական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների ոչնչացում կամ վնասում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է, որ ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափի վնաս է պատճառել պատժվում է տուգանքով՝ 200 հազար դրամի չափով։
Նույն գործողությունը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ 200 հազարից մինչև 400 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: