Ցմահ ազատազրկվածների փախուստի փորձ բանտից

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արտակ Ճ.-ի, Արարատ Մ.-ի, Հովհաննես Ս.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

 

Այսպես, Արտակ Ճ.-ին, Արարատ Մ.-ին և Հովհաննես Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք լինելով ցմահ ազատազրկման դատապարտված և պատիժը ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի թիվ 89 խցում կրելու ընթացքում, նախնական համաձայնությամբ 2011թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿ հիմնարկից փախուստ կատարելու դիտավորությամբ ՔԿ հիմնարկի թիվ 89 խցում կատարել են նախապատրաստական աշխատանքներ, սակայն հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի`

 

1. Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

 

1) մի խումբ անձանց կողմից,

 

2) այլ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

 

3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով:

 

3. Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել