Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Համազասպ Դանիելյանը առաջարկում են բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հավելագրել ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրն ընկած ժամանակահատվածում օրացուցային օրերի համար:
Հեղինակները նշում են, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ ավանդների համար տոկոսները հաշվեգրվում են ավանդի ժամկետի փաստացի օրերի հաշվարկով, այնինչ գործող օրենսդրական ձեւակերպումների համաձայն ցանկացած ժամկետով ավանդ ներդնելու դեպքում չի վճարվում մեկ օրվա տոկոսը, քանի որ տոկոսների հաշվեգրումը սկսվում է ավանդը բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչեւ այն ավանդատուին վերադարձնելու նախորդ օրը: Այսինքն՝ մեկ օրով ավանդ դնելու դեպքում բանկն ընդհանրապես տոկոս չի վճարում, ինչը հակասում է ավանդ գործիքի տնտեսագիտական բովանդակությանը:
«Առկա կարգավորումը խոչընդոտում է նաեւ փողի շուկայի զարգացմանը, որի համար անհրաժեշտ է ունենալ օվերնայթ (մեկ օրանոց) ավանդի շուկայական տոկոսադրույքը: Այն թույլ չի տալիս ներդնել նաեւ ավանդային հավաստագրերի ֆինանսական գործիքը, որը բավական տարածված է աշխարհում:
Գործող կարգավորումների արդյունքում բանկերը 2019 թվականի առաջին 6 ամիսների կտրվածքով ավանդատուներին պակաս են վճարել 162 միլիոն ՀՀ դրամ տոկոսավճար:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ավանդատուները կսկսեն ստանալ իրենց ավանդների փաստացի օրերի չափով տոկոսավճար, ինչպես նաեւ կվերանան տոկոսագումարների սխալ հաշվարկի արդյունքում ֆինանսական շուկայի զրգացման խոչընդոտները»,-նշված է նախագծի հիմանվորման մեջ: