ԿԳՄՍ-ն հանդիպումներ կանցկացնի․ հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում:

Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի:  

Հավելենք նաև, որ տեղեկությունը, թե իբր նախագծով բուհերից հանվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները, թյուրըմբռնման արդյունք է։

Օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ հիշյալ առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։

Այլ կերպ ասած՝ այս կամ այն առարկայի պարտադիր կամ ընտրովի լինելու հարցը որոշում է միմիայն տվյալ բուհի գիտական խորհուրդը, որը կազմված է նաև դասախոսներից և ուսանողներից։
Նախագծով ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։ Այսինքն, տարածվող լուրը, թե օրինագծով նվազեցվում է հայոց լեզվի դերը կրթական համակարգում, ևս կեղծ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել