ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում քննություն է տարվում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում իրկանացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Դեպքը տեղի է ունեցել 2018թ. դեկտեմբերի 26-ին. ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, բախվելով ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, դուրս էր եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ էդվարդ Քոչարյանը, ուղևոր Նվեր Մելքոնյանը տեղում մահացել էին, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում գտնված երկու անձինք, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Միաժամանակ, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում 2019թ. հունվարի 8-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել՝ իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան առևանգելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վթարի ենթարկված վերոհիշյալ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան պատկանում է ավտոմեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում տված քաղաքացուն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում համատեղ քննություն կատարելու վերաբերյալ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի, «Լեքսուս» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաների զննություններ, հարցաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատանյութագիտական, դատամանրաթելային և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:
Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հարցաքննությունների ընթացքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում գտնված տուժածներից մեկը՝ ծնված 1989 թվականին, ով քրեական գործի շրջանակներում ի սկազբանե ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, իր ցուցմունքներում տրամադրել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն՝ նշելով, որ ավտովթարի պահին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան ինքը չի վարել, այլ՝ իր հետ նույն ավտոմեքենայում գտնված և գործով տուժող մյուս անձը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1989թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: