«Արա» բառի կախարդական էֆեկտը և դրա քրեածին հետևանքները

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արսեն Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:Վերջինս մեղադրվում է նրանում, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող և 2012թ հուլիսի 16-ից գործուղված լինելով ՀՀ ՊՆ X զորամաս որպես զինծառայող, կոչումով շարքային, 2012թ դեկտեմբերի 27-ին վաշտի 2 հարկում գտնվող միջանցքում, համածառայակից Ա.Հ.-ի կողմից արված «արա» արտահայտության շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում վիճաբանել է վերջինիս հետ և ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է զինծառայակիցների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, այն է բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել Ա.Հ.-ի մարմնի տարբեր մասերին, որի ընթացքում զինվորական աթոռակով հարվածել է նաև միջադեպը կանխելու նպատակով միջանցք եկած շարքային Ա.Ա.-ի գլխին` վերջինիս առողջությանը պատճառելով առողջության թեթև վնաս` կարճատև քայքայումով:Համածառայակիցների միջամտության արդյունքում ծեծկռտուքը տեղափոխվել է ննջարան, որտեղ կրկին բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Հ.-ին, ինչպես նաև զինվորական գոտիով հարվածներ է հասցրել նաև շարքայինններ Ա.Ան.-ի, Շ.Հ.-ի և Ա.Վ.-ի ճակատների շրջաններին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող քերծվածքներ:

 

Գործով մյուս մեղադրյալ Արսեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի պարտադիր ժամկետային զին. ծառայող և 2012թ հուլիսի 16-ից գործուղված լինելով ՀՀ ՊՆ X զորամաս, որպես զինծառայող, կոչումով շարքային, 27.10.2012թ վաշտի 2-րդ հարկում գտնվող միջանցքում, ապա ննջարանում իր կողմից արված «արա» արտահայտության շուրջ պարզաբանումներ կատարելիս, վիճաբանել է համածառայակից, շարքային Արսեն Գ.-ի հետ, որի ընթացքում ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, այն է բռունցքներով հարվածներ է հասցրել Արսեն Գ.-ին` պատճառելով առողջության թեթև վնաս` կարճատև քայքայումով:

 

Գործող երկու մեղադրյալներն էլ նախկինում չեն ունեցել դատվածություն և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Մ. Հարությունյանի կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել